Վենեսուելայում սկսել են բանտերից ազատ արձակել քաղբանտարկյալներին. նրանց մեջ է նախագահի նախկին թեկնածուն
- Investigative journalist

- 18 hours ago
- 1 min read

Վենեսուելայի կառավարությունը բանտերից ազատ է արձակել առաջին քաղբանտարկյալներին՝ ընդդիմադիրներ, ակտիվիստներ, լրագրողներ։
Նախօրեին Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը հայտնել էր, որ «նշանակալի թվով» մարդիկ կազատ արձակվեն՝ դա անվանելով «բարի կամքի դրսեւորում խաղաղության որոնման գործում»։ Պարզ չէ, թե քանի բանտարկյալի մասին է խոսքը։
Foro Penal իրավապաշտպան խմբի տվյալներով՝ առաջինն ազատ արձակվածների մեջ էր Բյաջիո Պիլյերին՝ Վենեսուելայի ընդդիմության առաջատար գործիչ եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոյի նախագահական քարոզարշավի մասնակիցը։ Ազատ է արձակվել նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչ Էնրիկե Մարկեսը, որն ինքն էլ նախագահի թեկնածու էր 2024թ․ ընտրություններում։
Ազատ են արձակվել նաեւ հինգ օտարերկրացիներ, այդ թվում՝ իսպանացի քաղաքացիներ, նաեւ իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Ռոսիո Սան-Միգելը։
Դոնալդ Թրամփը նրանց ազատումն անվանել է «ողջամիտ ժեստ»։ «Վենեսուելան ազատ է արձակում մեծ թվով քաղբանտարկյալների՝ ի նշան «խաղաղության որոնման»։ Սա շատ կարեւոր եւ ողջամիտ ժեստ է»։ ԱՄՆ-ը եւ Վենեսուելան լավ են համագործակցում, հատկապես իրենց նավթի եւ գազի ենթակառուցվածքները ավելի խոշոր, ավելի լավ եւ ավելի ժամանակակից տեսքի բերելելու հարցում»,- գրել է նա։
«Սա նախագահի կողմից լծակների առավելագույն օգտագործման օրինակներից մեկն է՝ ամերիկացի եւ վենեսուելացի ժողովրդի համար ճիշտ գործելու իմաստով»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելին։
Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ զորքերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին Վենեսուելայից տարհանելուց հետո նախկին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ստանձնել է երկրի ղեկավարումը։ Նա սկզբում դատապարտում էր «ԱՄՆ զինված ագրեսիան» եւ հայտարարել էր, որ Մադուրոն մնում է միակ օրինական նախագահը։ Սակայն Թրամփը սպառնացել է, որ Ռոդրիգեսը «շատ բարձր գին կվճարի», եթե հրաժարվի համագործակցել Միացյալ Նահանգների հետ։
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Վենեսուելայում կա ավելի քան 850 քաղբանտարկյալ, որոնց մեծ մասը ձերբակալվել է Մադուրոյի օրոք։ Human Rights Watch-ը նշել է, որ Վենեսուելայում շատ բանտարկյալներ պահվում են մեկուսացված, այսինքն՝ առանց արտաքին աշխարհի հետ կապ ունենալու։




















