top of page

Աննա Վարդապետյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալին. ի՞նչ են քննարկել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 4
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի գլխավորած պատվիրակությանը:


Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:


Աննա Վարդապետյանը ողջունել է Ռուսաստանի Դաշնության գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության մակարդակը:




«Վստահ եմ, որ այսօր ընդունված որոշումները կնպաստեն Խորհրդի շրջանակներում համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։


Խորհուրդը ստեղծելիս ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել են, որ կոռուպցիան սպառնալիք է ցանկացած պետության անվտանգության համար, մեծ նշանակություն են տվել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու ձգտել են համակարգել այն՝ գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ և արդյունավետ մեխանիզմներ ու ջանքեր։


Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է»,- նշել է Աննա Վարդապետյանը:


Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար, շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:


Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:



Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:

 
 
1/2379
bottom of page