Կտրիճ Ներսիսյանը պետք է հայտարարի իր հրաժարականի մասին
- Investigative journalist

- Oct 21
- 2 min read

Zarkerak.am-ը գրում է․ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված նիստ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. սպասվում են կարևոր զարգացումներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատրաստվում է նոյեմբերին գումարել Գերագույն հոգևոր խորհրդի (հետայսու ԳՀԽ) ընդլայնված նիստ, որի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավերներ է ուղարկել ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի թեմերի առաջնորդներին։ Տեղեկատվական արտահոսքն ի սկզբանե եկավ Տավուշի թեմից։
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հրավեր է ստացել նաև Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Սամվել աբեղա Մխիթարյանը։ Փորձեցինք կապ հաստատել նրա հետ՝ պարզելու, թե ինչ հիմքով է նա հրավիրվել նիստին՝ չլինելով եպիսկոպոս կամ ԳՀԽ անդամ, սակայն աբեղան մեր զանգերն անպատասխան թողեց։
Կայքի աղբյուրները հետագայում հաստատել են, որ հրավերներ ուղարկվել են բոլոր թեմերի առաջնորդներին՝ առանց բացառության թե Հայաստանյան Թե սփյուռքի թեմերում ծառայող։ Թեմայի շուրջ մտերմիկ զրույցի ընթացքում տեղեկությունը հաստատեց նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի մտերիմ ընկերը Գևորգ եպիսպոկոս Սարոյանը։ Նշենք, որ Մկրտիչ եպիսկոպոսը ըստ մամուլում նախկինում տեղ գտած հրապարակումների համարվում է Կտրիճ Գրիգորիի քրոջ զավակը, այսինքն Խաթուն Կտրիճի Ներսիսյանի հորաքրոջ տղան։ Մկրտիչ Պռոշյանն այն անձն է, որի անխոհեմ, ոխակալ և չարանենգ գործունեության պատճառով ճնշված քահանաներն սկսեցին իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնել։
Հատկանշական է, որ Մկրտիչ և Գևորգ եպիսկոպոսները, Մայր Աթոռում ինչպես նաև մի շարք այլ պաշտոններում ծառայող բարձրաստիճան հոգևորականների հետ, ունեն լարված և ոչ բարիդրացիական, թշնամական հարաբերություններ։ Այդ ֆոնին նոյեմբերին նախատեսվող ԳՀԽ ընդլայնված նիստը կարծես ստանում է նոր ենթատեքստ և բարձրացնում է բազմաթիվ հարցեր։
Նիստի օրակարգի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ մի քանի եպիսկոպոսներից, սակայն մեր հարցերին ի պատասխան նրանք խուսափողական կամ անորոշ պատասխաններ տվեցին, ոմանք օրակարգ բառն արդեն լսելիս այլայլվում էին։
Ամենաուշագրավ տեղեկությունն այն է, որ ըստ վստահելի աղբյուրների, նիստի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հայտարարի իր հրաժարականի մասին՝ գահակալությունից 26 տարի անց։ Սակայն գործընթացը միանշանակ չէ։ Եպիսկոպոսների 25 հոգանոց մի խումբը, որոնք ըստ մեր աղբյուրների հանդես են գալիս միահամուռ դիրքորոշմամբ, դեմ են Կաթողիկոս «Կտրիճ Գրիգորիի» (ինչպես ներսում երբեմն անվանում են նրան) պարզապես հրաժարականին՝ պնդելով, որ նա պետք է կարգալույծ հայտարարվի։
Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա Հայ Առաքելական Եկեղեցում սպասվում են պատմական փոփոխություններ։ Մինչ այդ, Մայր Աթոռում և թեմերում շարունակվում են ներքին խորհրդակցությունները, և եկեղեցական շրջանակներում նկատվում է լարված սպասում առաջիկա նիստի վերաբերյալ։




















