top of page

Երեք ROLLS-ROYCE, միլիարդավոր դրամներ, ոսկե ժամացույց՝ ադամանդե քարերով. Ծառուկյանի քաղաքական ամբիցիաներն ու անծայրածիր ունեցվածքը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 24
  • 4 min read
ree

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչպես հայտնի է, թեև քաղաքական ակտիվ կյանքով չի զբաղվում, բայց այնպես էլ չէ, որ փակել է քաղաքականության էջը (2015 թ. հայտնի դեպքերի բերումով) և ազդարարել՝ «Ժողովրդական գործիչ Ծառուկյան այլևս չզբաղվել պոլիտիկա»։ Նա, վերստին լուսավորենք ընթերցողին, 2026-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունի, ինչի մասին իրեն հատուկ ոճով ու բառապաշարով ազդարարել է օրերս։ «Դա լինելու է առաջարկ Հայաստանին։ Բոլոր կուսակցություններն իրենց վաղեմության ժամկետը, վստահությունը չկա, էս վիճակից երկիրը հանելու համար ո՛չ այդպիսի մարդ կա, ո՛չ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա։ Ոչ թե պետք է դատարկ-դատարկ խոսել, այլ լիարժեք ծրագիր, գործ իրականացնել։ Նոր թիմ է լինելու»,-հայտարարել է 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ խայտառակ պարտություն կրած ԲՀԿ առաջնորդը։



Երեկ էլ նրա անունից հրապարակվել է մի «վերկուսակցական ծրագիր»՝ բնականաբար գրական, ըմբռնելի  հայերենով շարադրված, որը վերնագրվել է այսպես՝ «Առաջարկ Հայաստանին»։ Դրանում որպես նախաձեռնության հեղինակ՝ գործարար-էքսպատգամավորն առաջարկել է աշխատանքները սկսել երեք հիմնական ուղղություններով՝ «ներքին հաշտեցում և միասնականություն», «օրենսդրական վերանայում»՝ «կասեցնել, սառեցնել և վերանայել մի շարք վիճահարույց օրենքներ ու որոշումներ, որոնք վնասում են երկրին, թունավորում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը», և «արտաքին քաղաքականություն և անվտանգություն»՝  «վարել գրագետ և խաղաղ բանակցություններ՝ բացառելով միակողմանի զիջումները, ստեղծել իրական անվտանգային համակարգ, վերականգնել դաշնակցային հարաբերությունները և զերծ մնալով պատերազմի ռիսկից՝ իրականացնել նոր խոշոր տնտեսական ծրագրեր»։



Այսքանն ընթերցելուց հետո մեծ է գայթակղությունն ասելու՝  «Զատիկդ շնորհավոր, պարոն Ծառուկյան»,  ընթերցողին էլ անել կոնստրուկտիվ առաջարկ՝ տեսնել, թե ինչ հայտարարագիր է ներկայացրել «ժողովրդի հետ, ժողովրդի համար» դևիզի կրող  ԲՀԿ ղեկավարը։  Հայտարարագրի բովանդակությունը, կարծում ենք, շատ ավելի շատ կհետաքրքրի ընթերցողին, քան «ծառուկյանավարի» արված առաջարկներն ու մնացած բաները: Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված նրա՝ 2024 թ. գույքի և եկամուտների  հայտարարագրի վերլուծությունը ցույց տվեց, որ նախկին պատգամավորը շարունակում է առասպելական  ունեցվածքի տեր լինել։ Եվ ուրեմն՝ նա ընդհանուր 101 ՍՊԸ-ներում, ՓԲԸ-ներում և ԲԲԸ-ներում, ինչպես նաև Ծառուկյան հիմնադրամում, Հայաստանի օլիմպիական կոմիտեում  ունի հանձնված և վերադարձված փոխառություններ։  Անշարժ գույքերի ցանկն էլ է տպավորիչ՝ Ծառուկյանն ունի համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 25 գույք՝ հողամասեր, նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված  շինություններ,  բազմաբնակարան շենքում բնակարան, հողին ամրակայված այլ անշարժ գույք, անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են  մասնավորապես  Առինջ, Պռոշյան համայնքներում, Սևան, Ծաղկաձոր համայնքներում, ինչպես նաև Երևանի կենտրոնում։ Հիշյալ բոլոր գույքերը Ծառուկյանը գնել է 2000-ից 2018 թվականներին։ Նախորդ տարի՝ 2024 թվականին, գործարարը ավելացրել է իր գույքերի ցանկը ևս մեկով՝ Վերին Պտղնիում 425 մլն 716 հազար դրամով գնելով (համատեղ սեփականություն) հողամաս։ ԲՀԿ առաջնորդը նախորդ տարին ամփոփող իր «ճոխ» հայտարարագրում  հայտարարագրել է նաև թանկարժեք և գերթանկարժեք մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային 19 միջոցներ։ Մասնավորապես 2007, 2008, 2019 թվականներին արտադրված ROLLS-ROYCE,  2016 թ․արտադրության BENTLEY, 2006, 2016 թվականների արտադրության երկու MERCEDES-BENZ, 2007 և 2013 թթ․ արտադրության երկու RANGE ROVER, ինչպես նաև մի քանի TOYOTA , NISSAN, BMW։ Հիշյալ գույքերը նույնպես գործարարը գնել է 2004-ից 2022 թվականներին։



Հայտարարագրի  «Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում Ծառուկյանը հայտարարագրել է 57 ընկերություններում բաժնետոմսեր և բաժնեմասեր, որոնցից մեկն, օրինակ, 29 մլրդ 718 մլն 568 հազար 500 դրամ է, այն Ծառուկյանը գնել է 2010 թվականին։   



Տվյալ տարվա սկզբում առկա՝ որպես չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք ԲՀԿ ղեկավարը հայտարարագրել է ընդհանուր թվով 50 անուն գույք՝ նախասրահի, ննջասենյակի, մեծ ճաշասենյակի, միջին ճաշասենյակի, ճաշասենյակի մի քանի  կահույքներ, որոնք արժեն մի քանի հազար տասնյակ հազար դոլար, ինչպես նաև 20 հատ ջահ, ձեռքի ոսկե ժամացույցներ, որոնցից երկուսը գործարարը գնել է 100 հազարական դոլարով, մեկը՝ 300 հազար դոլարով։ 2022 թվականին էլ, երբ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած հայրենափրկության գործը փողոցներում «եռում» էր ու սպասում, թե երբ է ԲՀԿ նախագահն էլ  միանալու Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջին, Ծառուկյանն իր ընտանիքի զարդատուփը համալրել է թանկարժեք մեկ այլ՝ ոսկե, ադամանդե քարերով ժամացույցով, որն արժեցել է 600 հազար 197 դոլար։ Նույն՝ 2022 թվականին, Ծառուկյանը գնել է նաև մոտ 16 հազար դոլարանոց ոսկե մատանի։ Իսկ ահա 2023-ին  Օլիմպիական կոմիտեի նախագահի թանկարժեք գույքերի ցանկում հայտնվել է ևս մեկը՝ 1 մլն 122 հազար 650 հազար դոլար արժողությամբ, որի ինչ լինելը, սակայն, նշված չէ հայտարարագրում։ Նախորդ՝ 2024 թվականին էլ որպես 4 մլն դրամը գերազանցող գույք Ծառուկյանը գնել է մի բան, որն արժեցել է 1 մլն 88 հազար 600 դոլար. այս գույքի ինչ լինելը նույնպես նշված չէ հայտարարագրում։



Հայտարարատուի ստացած եկամուտները նույնպես շենշող են՝ 2024-ին կազմել են ընդհանուր 11 մլրդ 559 մլն 617 հազար 185.4 դրամ, որոնք գոյացել են մասնավորապես ստացած փոխառություններից, վարձակալության դիմաց ստացած վճարներից, շահաբաժիններից, հինգ աղբյուրից ստացած այլ եկամուտներից։  Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ընդհանուր  11 մլրդ 989 մլն 429 հազար 932.4 դրամ։



Հայտարարատուի  դրամական միջոցներն էլ  2024 թ. տարեվերջին կազմել են 1 մլրդ 780 մլն  559 հազար դրամ, 31 մլն  600 հազար 200 դոլար,  4 մլն 668 հազար 600 եվրո։ Ինչպես ասում են՝ «միլիարդների վրա քնած» այս մարդը, երբ բոլոր տվյալներն ունի քաղաքականությունից հեռու իր կյանքը կազմակերպելու ու վայելելու համար, փաստորեն որոշել է նորից ողջ գլուխը դնել ավետարանի տակ՝ միլիարդներ ծախսել՝ մի քանի մանդատ ձեռք գցելու համար։ Սա՝ լավագույն դեպքում։ Հիշեցնենք՝ 2021 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ստացել էր 55 հազար 444 քվե կամ ձայների 3.95%-ը։  Այն դեպքում, երբ 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ստացել էր 103 հազար  801  քվե կամ ձայների 8.26%-ը։

Տեսակետ կա, որ ԲՀԿ-ն գալիք ընտրապայքարի մեջ մտնելու է դաշինքով՝ իր պես գործարար աշխարհը ներկայացնող ու «Ռուսիո թագավորին» անմնացորդ սիրող սուբյեկտներից մեկին միանալով։ Կապրենք, կտեսնենք։

 



Հ.Գ. Նշենք, որ Դատախազությունը սեպտեմբերի22-ին ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալնոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմԾառուկյանի, նրա ընտանիքի՝ Ջավահիր, Նվեր, Հովհաննես, Կոլիկ, Ռոզա Ծառուկյանների, Սեդրակ Առուստամյանի, ՎարդիթերԽաչատրյանի, Արփի Ավետիսյանի, Տիգրան, Արմինե Մանուկյանների, Ռոբերտ Մկրտչյանի։Գործով որպես երրորդ անձ ներգրավված են միշարք ընկերություններ, որոնք կապվում ենԾառուկյանի հետ։ Մասնավորապես, որպեսերրորդ անձ ներգրավված են «Հայաստանիազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ն, «ԶվարթնոցՀենդլինգ», «Շուստով առևտրի տուն» ՓԲԸ-ները, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղուկոմբինատ» ԲԲԸ-ն, «Օնիրա Քլաբ», «Մուլտիավտոտրանս», «Գլոբալ Մոթորս», «Արմբետոն», «Մուլտի Մոթորս», Մեգամոթորս», «Մուլտի Սիս», «Մուլտի Ուելնես կենտրոն», «Մուլտի Ագրովեյ», «Արտբեն» ՍՊԸ-ները։



Հ. Մ.

 
 
1/2379
bottom of page