top of page

Բոլորդ գիտեք, թե Մոուն ինչ նշանակություն ունի ինձ համար․ եթե նման մարզիչը խոսում է, ես լսում եմ և վերլուծում․ Ալվարո Արբելոա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2m
  • 1 min read

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան արձագանքել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հնչեցրած քննադատությանը, որն ուղղված էր մեծ ակումբներում աշխատող երիտասարդ մարզիչներին։

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Յուվենտուսից» կրած 0։2 հաշվով պարտությունից հետո իր դժգոհությունն է հայտնել համաշխարհային ֆուտբոլում նկատվող միտումների վերաբերյալ.

«Զարմացած եմ, որ աշխարհի լավագույն ակումբները ղեկավարում են մարզիչներ, որոնք ոչ մի նվաճում և անցած ուղի չունեն։ Մյուս կողմից, երբ տեսնում եմ Ալեգրիին՝ «Միլանում», Գասպերինիին՝ «Ռոմայում» կամ Սպալետիին՝ «Յուվենտուսում», ես երբեք չեմ զարմանում», — նշել է «Յուրահատուկը»:

Չնայած Մոուրինյուն կոնկրետ անուններ չի տվել, ենթադրվում է, որ խոսքն ուղղված էր նաև Ալվարո Արբելոային, ով վերջերս է ստանձնել «արքայական ակումբի» ղեկը։ Արբելոան փոխարինել էր Խաբի Ալոնսոյին, որը հեռացվել էր պաշտոնից «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո:

Արբելոան, ով դեռ նոր է հարմարվում գլխավոր մարզչի դերին, զուսպ է արձագանքել իր նախկին մարզչի խոսքերին.

«Բոլորդ գիտեք, թե Մոուն ինչ նշանակություն ունի ինձ համար։ Եթե նման մարզիչը խոսում է, հատկապես նա, ես լսում եմ և վերլուծում», — ասել է Արբելոան:

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոյի հեռանալուց հետո մամուլում շրջանառվում էր նաև Մոուրինյուի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի տարբերակը։ Արբելոայի մեկնարկը մադրիդյան թիմում բարդ ստացվեց՝ գավաթային խաղարկությունից դուրս մնալով, սակայն «Մոնակոյի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (6։1) որոշակիորեն թուլացրել է լարվածությունը։

 
 
1/2508
bottom of page