Քոչարյանը մսից ու արյունից կազմված մա՞րդ է, թե՞ բիոռոբոտ
- Investigative journalist

- Oct 9
- 4 min read

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների՝ «արյունոտ տասնամյակի» մասին մամուլը, այդ թվում՝ մենք, գրելու առիթներ շատ է ունեցել։ Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նախկին նախագահի օրոք տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների թեման նույնպես չշրջանցվեց, մասնավորապես «Առագաստ» սրճարանում ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանի սպանության զազրելի դեպքը։ Ինչն է ապշեցուցիչ՝ նախկին նախագահը ինչպես նախկինում, երբ թարմ էր դեպքը, այնպես էլ այս ողջ տարիների ընթացքում և նաև իր ասուլիսի ժամանակ տրված հարցին պատասխանելիս ապրումակցման, ցավի, ափսոսանքի, կարեկցանքի և ոչ մի խոսք այդպես էլ չարտաբերեց։ Տպավորություն է, թե ՀՀ-ն 10 տարի կառավարած սուբյեկտը ոչ թե մսից ու արյունից կազմված, զգացմունքներ ունեցող անձ է՝ մարդ արարած, այլ ընդամենը բիոռոբոտ։ Պողոս Պողոսյանը, հիշեցնենք, սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Այդ օրը Քոչարյանն այցելել է սրճարան, և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ, Ռոբ», ինչն էլ դարձել է նախագահի թիկնապահների հետ վիճաբանության պատճառ՝ մահվան ելքով։
«Ես մեր տանն եմ եղել, երբ այդ դեպքը տեղի է ունեցել։ Դեպքը կատարվել է այդ սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո, դա քրեական գործում է, նախագահի՝ իմ թիկնազորն այլևս այդ տարածքում չի եղել։ Ինձ առավոտն են զեկուցել այդ մասին, «պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել (քմծիծաղ տալով-խմբ.)»,- հայտարարել է Քոչարյանն ու վրա բերել, թե ինքը ինչու պետք է վիրավորվեր նման դիմելաձևից, չէ՞ որ իր մայրը, կինը նույնպես իրեն «Ռոբ» անունով են դիմում։ «Ես չգիտեի՝ ինչ է այնտեղ կատարվել, հետագայում ինձ զեկուցել են, որ ինչ-որ մեկը քեֆը մի քիչ լավ վիճակում ինչ-որ վիճաբանություն է եղել ինչ-որ մեկի հետ, հիմա նույնիսկ անունները չեմ էլ ուզում տալ, և դրա արդյունքում, կոպիտ ասած, ինչ-որ ռազբորկա եղավ իրար հետ, և միջադեպը կատարվեց։ …Տարօրինակ ա՝ ինձ ասում են՝ «Պրիվետ, Ռոբ»…մերս էլ էր ինձ Ռոբ ասել միշտ, տիկին Բելլան միշտ Ռոբ ա ասում տանը, իմ մանկական ընկերները ինձ Ռոբ են ասում։ Ես խի՞ պիտի դրանից նեղանամ։ Այդ աբսուրդը, կներեք, մի բառ էլ պիտի ասեմ էշությունը (նորից քմծիծաղ տալով-խմբ.) տարածում ստացավ»։
Հարկ է նկատել, որ սպանությունից հետո այդ օրերի մամուլում գրվեց, թե Քոչարյանը սպանությունից մի քանի օր հետո հայտարարել է, թե՝ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար:
Ուշագրավ է, որ սպանվածի կինը՝ Զոյա Ուստյան Պողոսյանը, դեպքից մեկ տարի հետո հարցազրույց է տվել «Առավոտ»-ին՝ նշելով, որ «ոչ նախագահ Քոչարյանը, ոչ էլ որևէ այլ իշխանավոր ցավակցական հեռագիր չեն հղել» սպանվածի հարազատներին. «գոնե իրենց մեղքը մեղմելու համար այդ բանն անեին»։ Պողոսյանը հայտնել է նաև, թե սպանությունից հետո որոշել է նամակ գրել ՀՀ նախագահին՝ Քոչարյանին, «որպեսզի վերջինս ապահովի իր ամուսնու սպանության ճշմարտությունը»՝ նկատելով. «Մի՞թե նախագահը խիղճ չուներ, որ միջամտի, ինչ-որ ձևով միջնորդի, որ դատավարությունը ճիշտ ընթանա»։
Սպանվածի կինը նաև դաժան մանրամասներ էր պատմել «անզգույշ քաշքշուկ»-ի հետևանքով մահացած իր ամուսնու դիակի վերաբերյալ՝ հավաստելով. «Երկրորդ օրը պարզ երևում էին բռունցքների տեղերը և շլանգով թե ինչով քաշված կարմիր գիծը, և բկի ուռածությունը լավ արտահայտված էր։ Ես ծանոթացել եմ նախաքննության արդյունքներին, դատաբժշկական փորձաքննության նյութերի մեջ գրված է, թե ինքն ամբողջ կյանքում տառապել է թքագեղձերի ադենոմայով։ Ես 20 տարուց ավելի նրա հետ ապրել եմ, բայց Պողոսի մոտ ոչ մի հիվանդություն չեմ տեսել։ Եվ թքագեղձի ադենոման ուրիշ բան է, այդ ուռածությունը ուրիշ բան է։ Ախր, շլանգը գցել են, քաշել են, արյունը հավաքվել է, լերդացել է։ Եվ հետո, ճակատին խփածը երկու ուղիղ, խորը գծեր են։ Ես ատրճանակ չեմ տեսել, բայց բոլոր տեսնողներն էլ ասացին, որ դա ատրճանակի կոթով խփած է։ Ես ձեռք տվեցի ճակատին, տեսա, որ ոսկորը ջարդված է, փափուկ-փափուկ էր։ Մատները ևս ջարդված էին։ Էդ թիկնապահները ոչ մի մարդկային հատկանիշ չունեն, ջարդել են մարդուն»։
Հիշեցնենք՝ Պ. Պողոսյանի մահվան գործը վերաբացվել է 2019-ին՝ դեպքի ականատես, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնի բողոքից հետո։ Այս գործով 2019թ. նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Պ. Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ. Գ.-ի և Գ. Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հերքվել են Պ. Պողոսյանի մահվան անմիջական պատճառ հանդիսացած և կյանքի համար վտանգավորության հատկանիշով առողջությանը ծանր վնաս պատճառող մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ վերոնշյալ փորձագետների կողմից արված հետևությունները:
Գործով միակ մեղադրյալը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին անդամներից «Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանն է։
Երևանի քրեական դատարանում շարունակվում է շուրջ 25 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործի քննությունը:
Ի դեպ, նախկին նախագահը նույն սառնասրտությամբ, առանց ցավի ու ափսոսանքի խոսեց նաև իր օրոք տեղի ունեցած մյուս սպանությունների և մահվան դեպքերի մասին՝ առարկելով լրագրողի դիտարկմանը, թե պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խոռխուռունու սպանությունը քաղաքական էր։ Ըստ Քոչարյանի՝ այդ սպանությունը քաղաքական չէր, քանի որ Խոռխոռունին քաղաքականությամբ չէր զբաղվում։ Փաստորեն, ըստ Քոչարյանի ընկալման՝ քաղաքական են այն անձանց սպանությունները, որոնք քաղաքականությամբ են զբաղվել։ Դե իսկ իր օրոք տեղի ունեցած մեկ այլ ոճրագործության՝ «Մարտի 1»-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ի՝ վերջերս հրապարակած որոշումը նախկին նախագահը «ոտքի վրա» խմբագրեց՝ պնդելով, թե «110-էջանոցփաստաթղթի մեջ «սպանություն» բառը չկա, կամահվան դեպքեր»։ Մինչդեռ այս գործինվերաբերող ՄԻԵԴ-ի մամուլիհաղորդագրության մեջ նշվում է, որ զոհերըսպանվել են ոստիկանական ուժերի կողմիցարձակված արցունքաբեր գազային նռնակներիցկամ մարտական փամփուշտներից, իսկոստիկանության գործողությունները եղել են վատպլանավորված, անհամաչափ և անհետևողական։Օգտագործվել են բարձր մահաբերզինատեսակներ՝ AK-74 ինքնաձիգներ, Մակարովատրճանակներ, Չերյոմուխա-7 արցունքաբերնռնակներ, որոնք կիրառվել են սխալ եղանակով։
Հարց Քոչարյանին՝ «Հոկտեմբերի 27»-ը, որին զոհ գնացին քաղաքական զիլ դեմքեր, քաղաքակա՞ն սպանություն էր, թե՞ ապաքաղաքական, «ուչաստկովին» ի՞նչ գնահատական է տվել այդ սպանդին։
Հ. Մ.




















