Վաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելուն
Վաղը՝ մայիսի 14-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը։ Օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնցից միայն երկուսն է զեկուցվող։
Մեկը hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում /Վազգեն Սարգսյան փող. 7/ փակցնելու հարցն է, մյուսը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման՝ քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում։
Չզեկուցվող հարցերից 3-ը վերաբերում է Երևանում փողոցների անվանակոչությանը:
Մասնավորապես, փողոցներ կանվանակոչվեն երգիչ Հովհաննես Բադալյանի, բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Սարգսյանի եւ ԽՍՀՄ առաջին էլեկտրամոբիլների ստեղծող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի գործողությունների մասնակից, կործանիչ-օդաչու Էմիլ Դալանյանի անուններով: