Պուտինը մեկ տարվա մեջ 2-րդ անգամ է պարգև շնորհել Կտրիճի եղբորը. Նրան առաջարկում ենք Պուտինին հարցնել՝ ո՞վ խեղդամահ արեց կաթողիկոս Խորեն Ա-ին
- Investigative journalist

- 9 hours ago
- 3 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է «շաքարով կտրել» իշխանություն-Մայր աթոռ՝ վերջին մի քանի ամիսներին ծավալվող բանավեճն ու զարդարել բարձրաստիճան հոգևորականներից մեկի կուրծքը հերթական շքանշանով։ Խոսքը ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասին է, որին ռուսաց թագավորը Ազգային միասնության օրը պարգևատրել է Նևսկու շքանշանով։ Հատկանշական է, որ հիշյալ հոգևորականը, որը, հիշեցնենք, Կտրիճ Ներսիսյանի՝ Գարեգին Բ-ի եղբայրն է, ամիսներ առաջ (մարտին) էլ էր նույն պարգևին արժանացել։ Պուտինի հրամանագրի տեքստում նշվում էր, որ պարգևը տրվում է Ներսիսյանի՝ ՌԴ նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի գործունեության ապահովման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Փաստորեն, մեկ տարվա մեջ Եզրաս արքեպիսկոպոսը երկու անգամ է միևնույն շքանշանով պարգևատրվում միևնույն նախագահի կողմից, ինչը, ինչ խոսք, վկայում է շքանշան ստացողի հանդեպ առանձնահատուկ, եթե կուզեք՝ սպեցիֆիկ վերաբերմունքի մասին։
Նշենք, որ Նևսկու շքանշանը շնորհվում է հայրենիքին մատուցած հատուկ ծառայությունների, բազմամյա բարեխիղճ ծառայության, ՌԴմիջազգային հեղինակության ամրապնդման, երկրի պետական շահերի պաշտպանության, պետության հզորացման, անվտանգության, տնտեսական և մշակութային զարգացմանոլորտներում նշանակալի հաջողություններունենալու համար։
Պուտինը, նշենք, տարբեր ժամանակներում Նևսկու շքանշանով է պարգևատրել տարբեր գործիչների, այդ թվում՝ հայազգի։ Մասնավորապես RT հեռուստաալիքի գլխավոր հայազգի խմբագիր, բայց Հայաստանն ու ՀՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանն ատող ու ծաղրող, ՀՀ-ում անցանկալի անձ համարվող Մարգարիտա Սիմոնյանին, Բելառուսի նախագահ, Հայաստանի մասին արհամարհանքով խոսող Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան 60-ամյակի առիթով, ռուս պրոպագանդիստ, ագրեսիվ հակափաշինյանական, ՀՀ-ում անցանկալի անձ համարվող մեկ այլ սուբյեկտի՝ Վլադիմիր Սոլովյովին՝ 2014-ին, հայկական արմատներ ունեցող ու ԼՂ խնդրի կարգավորման «հայամետ» պլանի հեղինակ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ 2010-ին․․․
Հատկանշական է, որ Գարեգին Բ-ի եղբոր պարգևատրման «ավետիսով» իր ֆեյսբուքյան էջում «կիսվել» է ՀՀ-ի դեմ քարոզչական պատերազմի «վետերաններից» մեկի՝ Կորոտչենկոյի տեղական «կոնտորայի» ներկայացուցիչ, ռուսաստանցի Միկա Բադալյանը՝ հայտնի որպես «Բուրգեր Միկա»։ Վերջինս, նկատենք, բացահայտել է Ռուսիո պրեզիդենտի՝ հայ արքեպիսկոպոսին պարգև շնորհելու մոտիվը, դրդապատճառը։ Ըստ Բադալյանի «մեկնության». «Հենց այն պահին, երբ Փաշինյանը փաստացի պատերազմ հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցուն, Վլադիմիր Պուտինը հրամանագրով պարգևատրեց Եզրաս արքեպիսկոպոսին։ Ցուցիչ է, այնպես չէ՞։ Սա ցայտուն օրինակ է, թե ինչպես է վարվում իսկական քրիստոնյան, և ինչպես է վարվում անաստվածը, որը իր հոգին վաճառել է սատանային»։ Իրոք, խոսուն ցուցիչ է, երբ մեկ տարվա մեջ երկրորդ անգամ են միևնույն հայ բարձրաստիճան հոգևորականին պարգևի արժանացնում։ Մեկ այլ փորձագետ էլ, այս անգամ՝ հայաստանցի իրանագետ, ԱԱԾ նախկին տնօրեն, «կադրային չեկիստ» Արթուր Վանեցյանի կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ոսկանյանը նույնպես պարգևատրման ակտը մեկնաբանել է Մայր աթոռի թիկունքին կանգնելու համատեքստում։ «Մեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում։
Ակներև է, որ ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի պարգևատրումն անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է ռուսական կողմի դիրքորոշման։ Եթե սրան գումարենք, որ Եզրաս Սրբազանը նաև Վեհափառի հարազատ եղբայրն է, ապա պարզ է, որ Մայր Աթոռն ունի լրջագույն արտաքին աջակից, ինչը, բնականաբար, ուժեղացնում է նրա դիրքերը այժմյան պարբերական թիրախավորման պայմաններում»։
Պերճախոս «ցուցմունքներ» են, ինչ խոսք, որոնց հեղինակները իրենք իրենց բերանով ազդարարում են, թե ովքեր են հայ եկեղեցու արտաքին հովանավորները, իսկ գուցե նաև՝ ուղղորդիչներն ու թելադրիչները։ Միայն թե Ոսկանյանին պետք է խնդրել բացել փակագծերը՝ «հենց այնպես չեն անում»-ի մասով։
Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը սեփական դեմքով ու իր արքեպիսկոպոսների բերանով պահանջած Գարեգին Բ-ն նույնպես Ռուսիո թագավորի կողմից պարգևի է արժանացել (2022-ին)՝ Պատվո շքանշանի` «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»:
Հ.Գ. Ի դեպ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հարցազրույց է տվել և անդրադարձել «Հայաստանում հոգևորականների թիրախավորմանը»: «Բոլոր ժամանակներում, սկսած մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքից մինչև մեր օրերը, Քրիստոսի հետևորդներին հալածել, թիրախավորել, վարկաբեկել են անհավատները, չարամիտները, արծաթասեր ու դավաճան իշխանավորները: Պատմությունը վկայում է, թե ինչ հալածանքների են ենթարկվել մեր հայրերից շատերը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը, Սբ. Ներսես Մեծը, Սբ. Գրիգոր Նարեկացին, Մաղաքիա արք. Օրմանյանը, Խրիմյան Հայրիկը, Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը, ներկայիս Վեհափառ Հայրապետը, մեր սրբազան հայրերը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, բազում նվիրյալներ, ինչպես նաև համաքրիստոնեական սուրբ Հովհան Ոսկեբերանը, ով ասել է. «Հեռու մնացեք չարալեզու մարդկանցից, ինչպես թունավոր իժերից, որովհետև նրանք նման են այն կոյաբզեզներին, որոնց ապրելու համար անհրաժեշտ է թրիքը»: Մտքի հեղինակը հավելել է նաև, որ ինքը նախընտրում է ոչ թե իրեն վարկաբեկողներին՝ «չարին չարով» պատասխանել, այլ՝ գործ անել, «գործն է իմ պատասխանը»։
Եզրաս Ներսիսյանը, հուսանք, տեղյակ է, թե իր կողմից թվարկված հոգևորականներից մասնավորապես Խորեն Մուրադբեկյանն ինչ ճակատագրի է արժանացել։ Նա, ի գիտություն անտեղյակների, 1903 թվականի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձերբակալվել և աքսորվել է, իսկ 1938 թվականին վեհարանի իր բնակարանում խեղդամահ է արվել «թունավոր իժերի»՝ այսօր Ներսիսյան եղբայրներին շքանշաններ շնորհած նախագահի քաղաքական նախորդների՝ կոմունիստների, Պետանվտանգության ծպտյալ գործակալների կողմից։ Այդ նույն «իժերը» կամ անհավատները, նկատենք, արգելեցին նոր կաթողիկոս ընտրել։
Ի դեպ, կոնստրուկտիվ մի առաջարկ ունենք թե Եզրաս Ներսիսյանին, թե նրա ամենայն Հայոց կաթողիկոս եղբորը՝ հաջորդ անգամ Պուտինի հետ հանդիպելիս ու նրա ձեռքից պարգև ստանալիս քաջություն ցուցաբերել ու նրա առաջ դնել կաթողիկոս Մուրադբեկյանի սպանության գաղտնազերծման հարցը։ Այ սա կլինի «գործ անել», մինչև այժմ արված թերևս լավագույն «գործը»։
Հ. Մ.




















