«Մենք պատրաստվո՞ւմ ենք հարձակվել Եվրոպայի վրա. սա ի՞նչ անհեթեթություն է». Պուտին
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Ոչ մի նոր հատուկ գործողություն չի լինի, եթե Արևմուտքի երկրները Ռուսաստանին հարգանքով վերաբերվեն և հաշվի առնեն նրա շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բրիտանացի լրագրողի հարցին ի պատասխան՝ «Տարվա արդյունքները – 2025» մամուլի ասուլիսի ժամանակ, որը համատեղված էր «Ուղիղ կապի» հետ։
«Ոչ մի գործողություն չի լինի, եթե դուք մեզ հարգանքով վերաբերվեք, պահպանեք մեր շահերը ճիշտ այնպես, ինչպես մենք ենք մշտապես փորձել պահպանել ձերը», — ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ Մոսկվային, իր խոսքով, մոլորության մեջ են գցել՝ խոստանալով չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի արևելք։ «Ասացին, որ ՆԱՏՕ-ի շարժ դեպի արևելք ոչ մի թիզ չի լինի՝ սա ուղիղ խոսք է, մեջբերում։ Եվ ի՞նչ։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ «քցեցին» (մեզ ուղղակի խաբեցին), պարզապես արհամարհեցին անվտանգության ոլորտի մեր շահերը», — նշել է նախագահը։
Պուտինը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը արևմտյան քաղաքական առաջնորդները ստեղծել են իրենց սեփական ձեռքերով և շարունակում են սրել այն՝ անընդհատ խոսելով Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստվելու մասին։ «Ի՞նչ է, մենք պատրաստվում ենք հարձակվել Եվրոպայի՞ վրա։ Սա ի՞նչ անհեթեթություն է», — ասել է նա։
Նախագահի կարծիքով՝ նման հռետորաբանությունն օգտագործվում է ներքաղաքական պատճառներով՝ արտաքին թշնամու կերպար ստեղծելու և արևմտյան կառավարությունների սեփական սխալներից ուշադրությունը շեղելու համար։
Նաև մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինը տարակուսանք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ ՌԴ-ի հետ պատերազմի հավանականության մասին հայտարարությունների կապակցությամբ։ Պուտինը նշել է, որ անձամբ է ճանաչում Ռյուտեին և նրան խելացի մարդ է համարում։ «Այդ ի՞նչ է նա դուրս տալիս», — հարց է բարձրացրել նախագահը։




















