Սոֆի Դևոյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով
Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը:
Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Շնորհավորելով պարուհուն՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այն, ինչով Դուք զբաղվում եք, ոչ միայն մշակույթ է, այլև մարմնի կրթություն ու գեղագիտական ճաշակ, որի շնորհիվ բազմաթիվ երեխաներ ստացել են ճիշտ ուղղորդում ու գիտելիք։ Վստահ եմ՝ այդ դպրոցն անցնելով՝ մենք ձեռք ենք բերել ոչ միայն պարուհիներ ու արվեստի մարդիկ, այլև լավ քաղաքացիներ։
Գնահատելի է այն աշխատանքն ու արվեստը, որ շարունակաբար կերտում եք՝ մասնակիցը դարձնելով նաև մեզ, որովհետև Ձեր յուրաքանչյուր ներկայացում վայելք է»։
Նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Դևոյանը ծնվել է 1949 թ. հուլիսի 8-ին, Երևանում: 1951թ. ընտանիքով տեղափոխվել է Օրենբուրգի շրջանի Բուզուլուկ քաղաք, որտեղ ընդունվել է միջնակարգ դպրոց: 1961թ. ընտանիքով վերադարձել է Երևան: 1961-67 թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 1967 թ. ընդունվել է Հայաստանի Պարի պետական համույթ, որտեղ շուրջ 25 տարի պարել է որպես մենակատար, իսկ 1986 թ-ից եղել է համույթի պարուսույցներից:
Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում` «Օլիմպիա», «Գրանդ Օպերա», «Մետրոպոլիտեն Օպերա», «Կարնեգի Հոլլ» և այլն:
Պարի պետական համույթի պարացանկում պարել է «Սուսերով պար», «Շալախո», «Ուզունդարա», «Սայաթ-Նովա», «Խաղողի պար», «Գնչուական», «Սյուիտ», «Չինար ես», հայկական ժողովրդական և այլ պարեր: Լոնդոնում «Ղարաբաղի եղնիկ» պարի կատարմամբ հռչակավոր բալետմայստեր Ջորջ Բալանչինի կողմից արժանացել է «Հայկական կարապ» կոչմանը:
1973 թ. նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում: 1992 թ. ստեղծել է «Պարի և հոգու թատրոնը»: Հեղինակել է մի քանի բեմադրություններ` «Կոմիտասը մեր աչքերով», «Ամարաս», «Ընդդիմություն», «Ազնավուրյան ակնթարթներ», «Ես հավատում եմ», սյուիտ՝ նվիրված Սերգեյ Փարաջանվին և շուրջ 800 պարային համար: Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանի պատվերով բեմադրել է «Սամսարա» պարը` միջազգային փառատոնի համար, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Լոզան քաղաքում և ընդգրկվել է լավագույն բալետմայստերների տասնյակում:
Դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում: 2005 թ. նկարահանվել է նրանց համատեղ տեսահոլովակը:
1995 թ. ստեղծել է նոր ոճ, որտեղ չկան զգեստ, դեմք. կան միայն ոտքեր և ձեռքեր: Այդ ոճի մեջ արտացոլվում են հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը: 1994 թ. ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ: 2009 թ-ից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում:
1984 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009 թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: