Ռումինիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլում հաղթել է «թրամփիստ» Ջորջե Սիմիոնը
- Investigative journalist

- May 5
- 1 min read
Ռումինիայում մայիսի 4-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ազգայնական «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմիոնը՝ հավաքելով ձայների 41 տոկոսը, գրում է rus.err.ee-ն։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սիմիոնի մրցակիցը կլինի Բուխարեստի քաղաքապետը և աջ կենտրոնամետ «Ռումինիայի փրկության միության» հիմնադիր Նիկուսոր Դենը, որն առաջին փուլում ստացել է ձայների 21%-ը։
Առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրել է Կրին Անտոնեսկուն, որին աջակցում է «Ռումինիա, առաջ» ձախ կենտրոնամետ դաշինքը, ով ստացել է ձայների 20%-ը։
Այս տվյալները հրապարակել է Ռումինիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո։ Ընտրությունների հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, քանի որ թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չի ստացել ձայների 50%-ից ավելին։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 53 տոկոս։ Դրանց մասնակցել է գրեթե 10 միլիոն ընտրող, որոնցից մոտ մեկ միլիոնը քվեարկել է արտերկրում։
38-ամյա Սիմիոնը գովաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կրում է նրա նկարներով բեյսբոլի գլխարկներ և հայտարարում, որ իր կուսակցությունը «Հանրապետական կուսակցության բնական դաշնակիցն է»: Սիմիոնը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը: Քաղաքական գործչին երեք տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա։ Նրան նաև արգելված է մուտք գործել Մոլդովա։






















