top of page

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին վերջնական ընթերցմամբ կընդունի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը. Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունի, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին վրացի լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։«Վաղը Վրաստանի խորհրդարանը կգործի Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան և երրորդ ընթերցմամբ կընդունի օրենքը, որը վճռորոշ դեր կխաղա, այսպես կոչված, դրսից պարտադրված բևեռացման դադարեցման գործում»,- ասել է Կոբախիձեն։Վրաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի, ցուցարարների կոշտ ձերբակալության թեմային: Ավելի վաղ վրացական մի շարք լրատվամիջոցներ լուսանկարներ և տեսանյութեր էին տարածել՝ ցույց տալով՝ ինչպես է ոստիկանությունը ուժ կիրառում Վրաստանի խորհրդարանի պատերի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված մարդկանց նկատմամբ։«Ինձ դուր չեն գալիս նման միջադեպերը, ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին առավելագույն հանդուրժողականությամբ արձագանքել բոլոր սադրանքներին», - ասել է նա։Վրաստանի խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտար պետությունների ազդեցության թափանցիկության», կամ, ինչպես ընդդիմությունն է ասում, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։

Աղմկահարույց օրենքի նախագծի շուրջ քննարկումները տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ցույցերի, Թբիլիսիի մերձավոր դաշնակիցների կոշտ քննադատության, պատգամավորների միջև ծեծկռտուքի ուղեկցությամբ:Իշխող թիմի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ իրենց նպատակն է ֆինանսական թափանցիկություն ապահովել ոչ-կառավարական ոլորտում՝ պարտավորեցնելու այն բոլոր հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում օրենքով սահմանել մոտ 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք տուգանք։

bottom of page