10 մարդու մահվան պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանն այժմ դեմ է փողոցով իշխանության գալուն. Թևանյան
- Nov 20, 2022
- 1 min read

ՀԱՊԿ–ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ։ Նման վերտառությամբ գրառում է արել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում։ «Ղազախստան մեկնած հայկական զորախմբին բաժին է հասել Ալմաթիի կենտրոկան շուկայի հսկողությունը։ Փաստորեն, Ղազախստանում հայերն առաջնորդվեցին «Որտեղ հաց, էնտեղ կաց» հայտնի տարբերակով։
Իսկ եթե լուրջ, ապա ՀՀ–ն, հայտնի հանգամանքներից ելնելով, չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ կոնսենսուսային որոշման կայացմանը՝ զորք մտցնել Ղազախստան, բայց պետք է ձեռնպահ մնար հայկական զորախումբ ուղարկելուց՝ կրկին հայտնի հանգամանքներից ելնելով։
ՀԱՊԿ որոշմանն «այո» ասելով մենք կօգնեինք Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխավոր ՌԴ–ին, իսկ զորախումբ չուղարկելով մենք կպատասխանեինք Ղազախստանի նախագահ Տոկաևին՝ 44–օրյա պատերազմի հետ կապված իր հակահայկական պահվածքի պահով։ Բայց ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը սխալ որոշում կայացրեց։ Նա քծնելուց ու «մտնելուց» քծնում ու «մտնում» է մինչև վարդապետի խազը։ Տվյալ դեպքում՝ մինչև Կրեմլի «պադվալի» վերջին աստիճանը։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ 2008-ին «Մարտի 1» կազմակերպած, 10 մարդու մահվան պատճառ դարձած ու 2018–ին փողոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այժմ դեմ է փողոցով իշխանության գալուն, դեմ է ղազախական նիկոլներին և ղազախական «Մարտի 1»-ին»,-գրել է նա։
Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:




















