Հենրիխ Մխիթարյանի թիմը մտավ փլեյ-օֆֆ, իսկ Կամո Հավհաննիսյանինը դուրս մնաց
- Nov 20, 2022
- 1 min read

Կայացան ֆուտբոլի եվրոպական լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները:
Կայացան ֆուտբոլի Եվրոպայի և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգաների խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները:
Մեզ, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում էր հայ ֆուտբոլիստների թիմերի ելույթները: Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, Կոնֆերենցիաների լիգայի խաղում իր հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց ուկրաինական «Զարյային», վաստակեց 10 միավոր և ժամանակից շուտ մտավ փլեյ-օֆֆ: Մեր ֆուտբոլիստն այս անգամ աչքի չընկավ արդյունավետ գործողությամբ:
Ալմաթիի «Կայրաթը», որտեղ խաղում է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, նույն լիգայում անհաջողության մատնվեց սեփական դաշտում` 2:3 հաշվով զիջելով շվեյցարական «Բազելին»: Մեր ֆուտբոլիստը դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Ղազախական ակումբը կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և դուրս մնաց փլեյ-օֆֆից:
Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի թիմը` Կիպրոսի «Անորտոսիսը», այս տուրում սեփական դաշտում հաղթեց խմբի առաջատար «Գենտին»` 1:0: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: «Անորտոսիսը» վաստակեց 5 միավոր և կպայքարի փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգրի համար: Վերջին խաղում կիպրոսյան ակումբը կհանդիպի հենց իր գլխավոր մրցակցի` Բելգրադի «Պարտիզանի» հետ, որը 7 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:
Եվրոպայի և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում բոլորից հաջող հանդես եկան Ֆրանսիայի, Շոտլանդիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի և Դանիայի ակումբները, որոնք երկուական հաղթանակ տարան: Դրա արդյունքում Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին շոտլանդական «Ռեյնջերսը», Ֆրանսիան ներկայացնող «Մոնակոն», թուրքական «Գալաթասարայը», իտալական «Լացիոն», գերմանական «Բայերը», իսպանական «Բետիսը», անգլիական «Վեսթ Հեմը»:
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ արդեն մտել են 11 թիմ, այդ թվում նիդեռլանդական «ԱԶ Ալկմարը» և «Ֆեյենոորդը», Հռոմի «Ռոման», դանիական «Կոպենհագենը», ֆրանսիական «Ռենը»:
Ավաղ, այս տուրից հետո իրենց վերջին մասնակիցներին կորցրին 8 երկրներ` Հայաստանը, Բուլղարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Ջիբրալթարը, Սլովենիան և Ղազախստանը:
Վերջին` 6-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Այդ օրը ընդհանուր առմամբ կխաղարկվեն փլեյ-օֆֆի 12 ուղեգրեր:




















