Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղերը կանցկացվեն Երեւանում, մարզահամերգային համալիրում. Տոմսերը 1000-5000 դրամ
- Investigative journalist

- Mar 7, 2024
- 2 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում որոշեց կառավարության պհուստային ֆոնդից 279 մլն.954 հազար 300 դրամ հատկացնել Հայաստանում այս տարվա մայիսին -ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերի հանդիպումներն անցկացնելու համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Մենք նախորդ տարի հաստատել ենք մարզերում երկու ֆուտբոլային մարզադաշտերի կառուցման աշխատանքները, իսկ «Ակադեմիական քաղաքի» նախագծում տեղ է գտել ազգային ստադիոնը:
Առավել հաջող է հանդես գալիս մեր Ֆուտզալի հավաքականը: Հայաստանի ֆուտզալի հավաքականը տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների շարքում: 2023-ին առաջին անգամ մտել է Էլիտ ռաունդի եզրափակիչ փուլ, ընդ որում պաշտոնական հանդիպումներում 7 անընդմեջ հաղթանակ ենք գրանցել:
Այս տարվա ապրիլ-մայիսին Երեւանում նախատեսվում է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերի հանդիպումները: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի» հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի եւ Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Երևանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ չորս փուլերին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» եւ «Պալմա ֆուտզալը», ինչպես նաեւ պորտուգալական «Սպորտինգը» եւ «Բենֆիկան»: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի համար հանդիպումը եւ եզրափակիչը՝ մայիսի 5-ին:
Բոլոր հանդիպումները տեղի կունենան Մարզահամերգային համալիրում: Նախատեսվում է համապատասխան բարեկարգումներ իրականացնել հատկապես լուսային հատվածի եւ հանդերձարանների մասով:
Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել է 279 մլն.954 հազար 300 դրամ»:
Նա հավելեց, որ մարտի 14-ին Երեւանում կկայանա վիճակահանությունը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ վիճակահանությունից հետո արդեն տոմսերը կվաճառվեն էլեկտրոնային հարթակներում. «Տոմսերը բավական մատչելի են լինելու՝ 1000-5000 դրամի սահմաններում: Մենք սպասում ենք այս թիմերի մեծ թվով երկրպագուներ: Հայ հանդիսատեսի համար այս մրցաշարը կարեւոր է նրանով, որ «Մայորկայի» թիմում հանդես է գալիս մեր ազգային հավաքականի դարպասապահը, որը նախորդ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստն է համարվել: Այս պահին արդեն 50 երկիր Հայաստանից գնել է հեռարձակում իրականացնելու իրավունք: Այդ թիվը 7 տասնակը կգերազանցի: Այս մրցաշարը շատ պոպուլյար է, այդ առումով Հայաստանի համար զբոսաշրջային եւ իմիջի առումով սա շատ կարեւոր է»,-ասաց նա:




















