top of page

Հայկ Մարությանի «պերճ» ունեցվածքն ու նրա հիմնած «Նոր ուժ»-ի «թշվառությունը»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 19
  • 2 min read
ree

Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, 2023-ին Երևանում  կայացած ՏԻՄ  ընտրություններին մասնակցած ու այդպես էլ քաղաքապետ չդարձած Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, նախորդ տարի կուսակցություն է հիմնել, անունն էլ դրել է  «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն։



Քաղաքական այս կազմակերպությունը, որով Մարությանը մտադիր է մասնակցել 2026-ի համապետական ընտրություններին, օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թ. տարեկան հաշվետվությունը, որտեղ դատարկություն է՝ չկա որևէ նշում  կուսակցության դրամական շարժի՝ ոչ մուտքերի, ոչ ելքերի, ոչ գրասենյակների, ոչ էլ այլ գույքերի կամ գործարքների մասին։ Այսինքն՝ նախկին քաղաքապետը արդարադատության  նախարարությունում կուսակցությունը գրանցել  ու մի կողմ է քաշվել՝ թողնելով, որ այն ինքն  իրենով յոլա գնա։     



Ի տարբերություն կուսակցության՝ բավականին պերճ է նրա՝ որպես կուսակցության վարչության նախագահի, ԿԿՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Հումորիստը հաշվետու տարվա սկզբում թվով 33 անշարժ գույք է հայտարարագրել, որոնց մեծ մասը գնել է տարբեր տարեթվերի։ Վերջինը՝ 2023-ին։ Հայտարարագրված գույքերը  նրան են պատկանում միանձնյա, բաժնային, մեծամասամբ՝ համատեղ սեփականության իրավունքով։ Մասնավորապես Չեխիայի Հանրապետությունում 28 գույք ունի նախկին քաղաքապետը  (հողամաս, ավտոկայանատեղի, անհատական բնակելի տուն, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք),  3 գույք՝ Ավստրիայի Հանրապետությունում, մասնավորապես 1 բնակարան, 1 առանձնատուն էլ՝ Հայաստանում։



Հաշվետու տարում Մարությանը հրաժեշտ է տվել Չեխիայում գտնվող   հողամասերից մեկին՝ այն վաճառել է CZK 3,250,000-ով, Նորայր Ջավուկցյանին։  Տպավորիչ են մասնավորապես Մարությանի եկամուտները, որոնք գոյացել են 24 տարբեր աղբյուրներից։ Դրանց մեծ մասը Չեխիայի գույքերը վարձակալության տալու դիմաց ստացված վճարներ կամ հատուցումներ  են։ Որպես եկամուտ  երիտքաղգործիչը հայտարարագրել է 75 մլն 727 հազար 810 դրամ շահաբաժին  «ԱԱԱ ՊՐՈՋԵՔՏՍ» ՍՊԸ-ում, ինչպես նաև «Նիկիտա Մոբայլ»-ից ստացած  6 մլն 259 հազար 869 դրամ։ Մարությանի եկամուտներն ընդհանուր կազմել են  311 մլն 947 հազար 745.91 դրամ։




Էստեղ են ասել՝ էսքան միլիոնի մեջ մի քանի կոպեկն ի՞նչ է, որ քաղաքական ճոխ ամբիցիաներ ունեցող արտիստը չի բաշխել սեփական կուսակցությանը՝ գոնե մարզերից մեկում մի գրասենյակ վարձակալելով։ 

 
 
1/2379
bottom of page