«Ռուսական երկաթուղիներ»-ը վաճառում է իր կայարանները միլիարդավոր դոլարների վնասի պատճառով․ Ռիժսկի կայարանը կլինի առաջինը
- 3 hours ago
- 1 min read

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռիժսկի կայարանի շենքի վաճառքին բաց աճուրդով։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՌԲԿ-ն։ Օբյեկտի մեկնարկային գինը կսահմանվի շուկայական արժեքին համապատասխան։ «Ռուսական երկաթուղիներում» հրաժարվել են մեկնաբանություններից, սակայն աղբյուրները դեռ 2024-ին հայտնում էին, որ ընկերությունը օբյեկտը գնահատում էր մոտ 1 միլիարդ ռուբլի։
Կայարանի վաճառքը ակտիվների լայնածավալ իրացման մի մասն է, որին ընկերությունը ստիպված է դիմել ֆինանսական վիճակի վատթարացման պատճառով։ Վաճառքի ենթակա ակտիվների թվում են.
«Մոսկվա-Սիթի»-ի 62-հարկանի երկնաքերը, որը գնվել էր 2024-ին 193,1 մլրդ ռուբլով:
Դաշնային բեռնափոխադրող ընկերության (ФГК) 49% բաժնեմասը, որը գնահատվում է 44 մլրդ ռուբլի:
Ընկերությունը հայտնվել է մի քանի գործոնների ճնշման տակ. տնտեսության դանդաղում, բեռնափոխադրումների բազմամյա անկում և վարկավորման արժեքի թռիչքաձև աճ՝ բարձր հիմնական դրույքաչափի ֆոնին։ «Ռուսական երկաթուղիների» ընդհանուր պարտքը գնահատվում է մոտ 50 միլիարդ դոլար:
Վնասներ. 2025-ի առաջին ինն ամիսների ընթացքում ընկերությունը կրել է 4,4 մլրդ ռուբլու զուտ վնաս (նախորդ տարվա 44 մլրդ շահույթի փոխարեն):
Բեռնափոխադրումներ. Ցուցանիշները նվազել են մինչև 1,1 մլրդ տոննա՝ հասնելով 2009 թվականից ի վեր նվազագույն մակարդակին։
Պարտքի սպասարկում. Տոկոսային ծախսերը կրկնապատկվել են՝ հասնելով 332 մլրդ ռուբլու։
Ֆինանսական ճեղքվածքը փակելու համար ընկերությունը կրճատել է անձնակազմը և նվազեցրել ներդրումային ծրագիրը։ 2026-ին ներդրումները կկրճատվեն 25%-ով, իսկ վագոնների և լոկոմոտիվների գնման ծախսերը՝ 37%-ով։
Թեև Ֆինանսների նախարարությունը մերժել է բյուջեից ուղղակիորեն 200 մլրդ ռուբլի հատկացնելու խնդրանքը, իշխանություններն այժմ քննարկում են մինչև 1,3 տրիլիոն ռուբլու աջակցության փաթեթ, որը ենթադրում է բանկային պարտքերի վերակառուցում և ոչ պրոֆիլային ակտիվների վաճառք։
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության փոխտնօրեն Եկատերինա Կրիվոշեևան հայտնել է, որ Մոսկվա քաղաքում գտնվող «Moscow Towers» գրասենյակը նույնպես կվաճառվի աճուրդով։




















