top of page

ՌԴ-Իրան-Չինաստան՝ ռազմաքաղաքական առանցք՝ ընդդեմ Արևմուտքի

  • Nov 20, 2022
  • 2 min read

ree

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը հունվարի 18-22-ը համատեղ ռազմածովային զորավարժություն են անցկացնում Օմանի ծովածոցում։


ՌԴ-ն և Չինաստանը, որպես գերտերություններ, ամրապնդում են երկկողմ կապերը բոլոր ոլորտներում՝ տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական: Ռուս-չինական հարաբերությունները Մոսկվայում և Պեկինում գնահատվում են, որպես ռազմավարական, դաշնակցային: ՌԴ-ն և Չինաստանը միասնական ճակատով դիմագրավում են Արևմուտքին և նրա պատժամիջոցներին:


Այս համատեքստում Մոսկվան և Պեկինը ցանկանում են ուժեղացնել Իրանի հետ կապերն ու Իրանի դիրքերը, որպես հակակշիռ թե́ Թուրքիային, թե́ Արևմուտքին:

ՌԴ-Իրան հարաբերությունները բարձրանում են որակական նոր մակարդակի՝ Իրանի նախագահի այցը Մոսկվա խոսում է այդ մասին:


Իրանն առաջարկել է ՌԴ-ին՝ Ադրբեջանի տարածքով ռուսական գազն արտահանել Իրան, իսկ այնտեղից՝ աշխարհի այլ կետեր: Իր հերթին, Չինաստանն Իրանի հետ ստորագրել է 400 միլիարդ դոլարի հասնող ներդրումային ծրագիր: Չինաստանն իրանական նավթի ներկրողներից է և Պեկինն ունի երկարաժամկետ գեոպոլիտիկ շահեր Իրանում: Ռուս-իրանա-չինական եռակողմ ֆորմատով ռազմածովային զորավարժությունները մեսիջ են Արևմուտքին առ այն, որ ձևավորվում է Արևմուտքին, ԱՄՆ-ին դիմագրավող նոր ճակատ կամ առանցք:


Եթե Չինաստանի համար Իրանը հետաքրքիր է իր նավթագազային ռեսուրսների և գեոպոլիտիկ դիրքի պատճառով՝ Իրանով կարող է անցնել նաև չինական Մետաքսի ճանապարհի մի հատվածը, ապա ՌԴ-ն սահմանակցում է Իրանին Կասպից ծովում, երկրներն ունեն ընդհանուր շահեր Հարավային Կովկասում՝ պանթուրքական ծրագրերը խաթարելու համատեքստում, ինչպես նաև Սիրիայում՝ ռուս-իրանական դաշինքը դիմագրավում է թուրքական, արաբական տարբեր խմբավորումներին: Մեծ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում Իրանն ունի զգալի ազդեցություն և Մոսկվան ու Պեկինը հաշվի են առնում իրանական, շիական ազդեցությունն այդ տարածաշրջաններում:


Անգլո-սաքսոնական ուժերն՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան իրենց համար գեոպոլիտիկ մրցակից և սպառնալիք են համարում ՌԴ-ին, Չինաստանին և Իրանին, ինչն ամրագրված է նրանց ազգային անվտանգության տարբեր ռազմավարություններում: Անգլո-սաքսոնական ուժերը ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի շուրջ ստեղծում են կոալիցիաներ, որպեսզի զսպեն Մոսկվայի, Թեհրանի և Պեկինի ազդեցության ընդլայնումը:


ՌԴ-ի շուրջ այդպիսի բուֆերային երկրների դեր են ստանձնել Ուկրաինան և Վրաստանը, ինչպես նաև Մերձբալթյան երկրները, որոնք արդեն իսկ ՆԱՏՕ-ի անդամ են: Չինաստանին զսպելու համար անգլո-սաքսոնական ուժերն ուժեղացնում են Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի, Հնդկաստանի դիրքերը: Ճապոնիայում և Հարավային Կորեայում տեղակայված են ամերիկյան զորքեր:


Իրանի շուրջ տասնամյակներ շարունակ ձևավորվել էին ամերիկյան, նատօական ռազմաբազաներ՝ Իրանի հարևան Իրաքում, Աֆղանստանում, Պարսից ծոցի երկրներում: Իրանի հարևան Բահրեյնում է տեղակայված ամերիկյան 5-րդ նավատորմը: Չմոռանանք, որ Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և այն նույնպես անգլո-սաքսոնական ուժերի պլացդարմ է ընդդեմ Իրանի:


Այսպիսով, ՌԴ-Չինաստան-Իրան առանցքը շարունակելու է ամրապնդվել՝ երկրները կյանքի են կոչելու թե եռակողմ, թե երկկողմ ֆորմատներով էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական նախագծեր՝ Արևմուտքի հետ գեոպոլիտիկ մրցակցությունը միայն նպաստելու է այդ առանցքի կապերի ամրապնդմանը:


Արտյոմ Բալասանով



 
 
1/2380
bottom of page