top of page

Վենեսուելայի ժամանակավոր նախագահը խաղաղության և երկխոսության կոչով դիմել Է Թրամփին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 2 min read
ree


Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը ուղերձ է հրապարակել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որտեղ Վաշինգտոնին կոչ է արել համագործակցության գալ:

Նրա խոսքով՝ Վենեսուելան «վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղությանն ու խաղաղ համակեցությանը» և իր առաջնահերթ խնդիրն է համարում ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների հետ «հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունների» կառուցումը, որոնք «հիմնված կլինեն ինքնիշխան հավասարության և չմիջամտելու սկզբունքների վրա»։

«Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդը և մեր տարածաշրջանը արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի: Դա միշտ եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքորոշումը և դա է ողջ Վենեսուելայի դիրքորոշումն այս պահին: Սա այն Վենեսուելան է, որին ես հավատում եմ, այն Վենեսուելան, որին նվիրել եմ կյանքս: Վենեսուելան խաղաղության, զարգացման, ինքնիշխանության և ապագայի իրավունք ունի»,- ասված է Ռոդրիգեսի հայտարարության մեջ։

Թրամփը, նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է, որ Ռոդրիգեսը պետք է ԱՄՆ-ին «լիակատար հասանելիություն» տրամադրի երկրի ռեսուրսներին։

«Մեզ անհրաժեշտ է լիակատար հասանելիություն։ Մեզ անհրաժեշտ է հասանելիություն նրանց երկրի նավթին և այլ ռեսուրսներին, որոնք թույլ կտան մեզ վերականգնել իրենց երկիրը»,- ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում CNN-ը։

Հունվարի 4-ին The Atlantic-ի հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Դելսի Ռոդրիգեսը «շատ բարձր գին կվճարի», եթե հրաժարվի ԱՄՆ-ի հետ համագործակցությունից։ «Եթե նա ճիշտ չվարվի, ստիպված կլինի շատ բարձր գին վճարել, հավանաբար նույնիսկ ավելին, քան Մադուրոն»,- ասել է Թրամփը։

Վենեսուելայի Գերագույն դատարանը հունվարի 3-ին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է պետության ժամանակավոր ղեկավար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկ ջոկատայինները Կարակասում առևանգել և Վենեսուելայից Նյու Յորք են տեղափոխել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ ԱՄՆ իշխանությունները մտադիր են Մադուրոյին դատի տալ «թմրաահաբեկչության» մեղադրանքով։

Կարակասում իրականացված ռազմական գործողության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ժամանակավոր կառավարումն իրականացնելու է իր վարչակազմը՝ մինչև «իշխանության անվտանգ, պատշաճ և ողջամիտ փոխանցումը»։ Նա պնդում էր, որ Դելսի Ռոդրիգեսը մասնավոր զրույցում պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Սակայն շուտով Վենեսուելայի ժամանակավոր նախագահը հանդես է եկել պետական հեռուստատեսությամբ և դատապարտել «ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան»՝ երկրի միակ օրինական նախագահ անվանելով Նիկոլաս Մադուրոյին։

 
 
bottom of page