top of page

Եթե իմ աշխատանքը ձեռք չի տալիս, կարող եմ զենքս դնել և գնալ թոշակի. Փաշիկ Ալավերդյան

  • Nov 20, 2022
  • 2 min read

ree

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է տարին և Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության արդյունքները.


«Այս տարի, ինչպես և միշտ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայկական սպորտի գագաթնակետում է: Կարճ ասեմ, Հայաստանն ունի 185 մեդալ, որից 97-ը ծանրորդներինն է: Դա միայն աշխարհի, Եվրոպայի առաջնությունից ու ՕԽ-ից: Այստեղից գալիս ենք եզրակացության, թե ինչ գնահատական տանք ֆեդերացիայի աշխատանքին: Ոսկե մեդալների քանակը 38-ն է, որից երկամարտի գումարով՝ 28-ը: Այսինքն 28 անգամ այլ պետություններին պարտադրել ենք մեր դրոշը բարձրացնել ու հիմնը լսել: Ուրիշ մարդ կա՞ Հայաստանում, որ կարող է դա անել 28 անգամ: Ահա թե ինչ ավար ունի Հայաստանի ծանրամարտն այսօր»,-ամփոփելով տարին ասաց Ալավերդյանը:


Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով, Տաշքենդում ցույց տված արդյունքները ձախողում չեն. «Ճիշտ են ասում, որ դու մեղավոր չես, շատի ես սովորեցրել, ճիշտ են ասում: Ես ամեն մրցումներում բերում եմ չեմպիոններ, իսկ հիմա երկրորդ տեղը ոչնչությո՞ւն եք համարում, ճիշտ եք անում: Իսկ ինչի՞ չենք անում ռուսների նման, որ բերենք ընդամենը մեկ բրոնզե մեդալ: Մենք լա՞վն ենք ռուսներից կամ ուկրաինացիներից: Պետք է մարդիկ իրենց զավակների աշխատանքը ճիշտ գնահատեն: Մենք չենք ծնվել, որ անընդհատ քարկոծեն մեզ: Եղե՞լ է դեպք, որ վարչապետը կարողանա բյուջեից հայթայի գումար, ու 20 օլիմպիական ձող նվիրի: Եթե մինչև այդ եղել է, ասեք եղել է: Չի էլ կարող լինել: Եթե սա ձեռք չի տալիս մեր ժողովրդին, ես կարող եմ զենքս դնել և գնալ թոշակի: Եթե ձեռք չի տալիս, ասեք սխալներս ուղղեմ»:


Ալավերդյանը խոսեց նաև առանձին մարզիկների մասին.


«Հարությունյան Ռաֆիկը գրավեց ավելի ցածր տեղ, քան ես կարծում էի: Բայց դա անհաջողություն չէ, ինձ համար հաջողություն է: Եթե 21 տարեկան տղան կարողանում է առաջին անգամ մտնել գիգանտների մեջ ու բարձրացնել, նշանակում է նրա մեջ տաղանդ կա, որ հետագայում կարող է շարունակել:

Դավիթ Հովհաննիսյանը բավականաչափ վնասվածք ունի: Նա բանակից ազատված է առողջական խնդիրների պատճառով: Չեմ ուզում նրա հույսը կտրել, բայց նա պետք է լինի: Չենք ասելու գնա տունը սպասի: Նրա ձեռքը պիտի բռնենք ու պահենք մեր թիմի մեջ:


Ինչո՞ւ Արսեն Մարտիրոսյանը անհաջողության մատնվեց: Կասեք որ վերջին վայրկյանին վազելով եկավ: Ո՛չ: Նա դռան հետևում էր: Նա երկրորդ մոտեցումը չարեց ու պետք չէր որ կրներ: Ուզում էինք մեկ կիլոգրամ ավելացնել, բայց չթողեցին: Որպեզի Արսենը մեդալ նվաճեր, պետք է Սամվելից մեկ կիլոգրամ ավելի բարձրացներ: Մի խոսքով, չկարողացանք քաշը փոխել, դա ոչ թե թերություն էր, այլ ցայտնոտի մեջ ընկնելու արդյունք էր, բայց սա ծանրամարտ է»,-ասաց Ալավերդյանը:

Գլխավոր մարզիչը նշեց, որ հնարավոր է այսուհետ չլինի կանանց առանձին հավաքական. «Այս տարվա մեր թերություններից մեկն այն է եղել, ավելի ճիշտ հնարավորությունից պակաս ենք հանդես եկել աղջիկների մրցաշարերում: Մտածում ենք, որ միգուցե աղջիկների առանձին թիմ չպահենք: Հնարավոր է պահենք տղաների հավաքականում, ինչպես լինում է շատ երկրներում: Ես ինձ հարցնում եմ, Փաշիկ, գո՞հ ես քո արդյունքներից: Ես կասեմ այո, քանի որ լավագույն մարզիկների թեկնածուների մեջ կա 7 ծանրորդ, որից 3-ը հաստատ լինելու են 10-ի մեջ»,- ասաց Ալավերդյանը:


Նյութի աղբյուր՝ Armsport.am

 
 
1/2383
bottom of page