top of page

Վարչապետը ոսկեպարցիներին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է ներկայացրել Ոսկեպարում տեղի ունեցած հանդիպումից։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։

Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին», - գրել է Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

Նշենք նաև, որ Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվել է մասնակիցների մուտքը դահլիճ։

«Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Սուրեն Պետրոսյանն ահազանգում է: Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել», - նշված է հաղորդագրության մեջ։

bottom of page