ՀՀ ԱԳ նախարարը Էստոնիայի իր գործընկերջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը
Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳն-ից, կողմերը քննարկել են երկկողմ և ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Էստոնիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր հարթակներում ակտիվ շփումները:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ համագործակցության շրջանակն իրապես էականորեն ընդլայնվում է՝ ընդգծելով ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությամբ առկա գործիքակազմի միջոցով նոր ուղղություններով նոր հանգրվանների հասնելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ բարձր է գնահատում Էստոնիայի ակտիվ ներգրավվածությունն այս ուղղությամբ:
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երկու երկրների ղեկավարների մակարդակով հնչեցված՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը, ինչպես դա ընդգծել են նաև միջազգային մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Էստոնիայի ԱԳՆ-ն:
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը վկայակոչել է ՀՀ տեսլականի հիմքում դրված հիմնարար սկզբունքները և որոշակի ընթացակարգային պարզեցումներ իրականացնելու մասին հնչեցված պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: