Կարմիր Շուկա գյուղի բնակիչները ադրբեջանցիներին ներկայացրել են իրենց պահանջները
- Nov 20, 2022
- 1 min read

Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակիչներն այսօր փակել են գյուղի միջով անցնող ադրբեջանական շարասյան ճանապարհը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ-ի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատմեց՝ բնակիչները պահանջել են, որ ադրբեջանցիները տիրոջ իրավունքով չօգտագործեն ճանապարհը, այլ նախապես զգուշացնեն, համաձայնության գան՝ նոր անցնեն այդ ճանապարհով: Մերոնք իրենց պահանջները ադրբեջանցիներին փոխանցել են ռուս խաղաղապահների միջոցով, այնուհետև՝ բանակցություններից հետո, բացել են ճանապարհը:
Արցախցի պատգամավորը հայտնեց, որ ադրբեջանցիները չեն արձագանքել դեռևս արցախցիների պահանջին.
«Մյուս անցնելուց կտեսնենք, նախապես տեղյակ կպահե՞ն, և արդեն հասկանալի կլինի՝ ընդունվե՞լ են հայկական կողմի պահանջները»:
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ բնակիչների համբերությունն արդեն հատել է, փորձում են ինքնակազմակերպվել և այդ կերպ ապահովել իրենց սեփական անվտանգությունը.
«Եթե իրենք ապրում են Արցախում, նշանակում է՝ չեն վախենում թշնամու սադրանքներից, պետք է թշնամին էլ դա հասկանա և սադրանքների չդիմի, հակառակ դեպքում՝ նման միջադեպեր էլի կլինեն: Հուսով եմ՝ սա ադրբեջանցիների համար ազդակ կլինի»,-ասաց Հակոբյանը և հավելեց.
«Արցախում ապրող յուրաքանչյուր ոք հերոս է, քանի որ ապրում է՝ գիտակցելով, որ մի քանի մետր այն կողմ արնախում թշնամի է: Միայն հայրենիքի հանդեպ մեծ սերն է, որ կարող է ստիպել մարդուն ապրել այդպես: Հատկապես պատերազմից հետո դողում ենք մեր հայրենիքի համար և այլ կերպ ենք դիտարկում ամեն բան: Մինչ այս մտածում էինք, որ բանակցությունների արդյունքում Արցախի հարցն ի նպաստ Հայաստանի կլուծվի, բայց հակառակն ենք ականատես լինում, Հայաստանի իշխանություններն այս 25%-ի հարցն են ուզում փակել և վերջացնել: Մեզ մնում է հաստատակամ ապրել Արցախում և այնպես չանենք, որ Արցախը հանկարծ հայաթափվի»-ասաց Մետաքսե Հակոբյանը:




















