top of page

ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել դեսպանների հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read

Հուլիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, շրջայց է կատարել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Շրջայցի ընթացքում նրանց են ներկայացվել համալիրի շենքային պայմաններն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։

ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ կայացման և բարեփոխումների վերաբերյալ իրականացված մեծածավալ աշխատանքը։ Նա, մասնավորապես, անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին՝ առանձնացնելով հատկապես հենասյունային չորս ուղղությունների ձևավորման ու կայացման գործընթացները։

ՆԳ նախարարն անդրադարձել է ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում վերջերս Բրյուսել կատարած այցին, ներկայացրել իր տպավորությունները, կայացած պայմանավորվածություններն ու պատրաստակամություն հայտնել շարունակել ինտենսիվ համագործակցությունը ինչպես ԵՄ վիզաների ազատականացման, այնպես էլ մի շարք այլ ուղղություններով։


ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում երկու առաքելությունների հետ հանդիպունմների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այդ ուղղությամբ նախանշված գործողությունները։


Հանդիպմանը նշվել է, որ այս տարվա աշնանը պատրաստ կլինի ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հստակ չափորոշիչներով։ ԵՄ երկրների դեսպանները դրական են գնահատել և մեծ տպավորությամբ են արձանագրել կատարված բարեփոխումները՝ դրանք անվանելով վառ օրինակ այլ ոլորտներում հաջողակ բարեփոխումների համար։


Դեսպանները հարցեր են ուղղել ՆԳ նախարարին ճանապարհային անվտանգության, միասնական զանգերի կենտրոնի ձևավորման, ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման և այլ թիրախային ուղղությունների վերաբերյալ։


Վասիլիս Մարագոսը դեսպանների անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության, շրջայցի և արդյունավետ համագործակցության համար՝ վերահաստատելով այն շարունակելու հանձնառությունը։

1/2194
bottom of page