top of page

Կատարում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

Կատարի Պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա:

Ակադեմիայի աշխատակազմի հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, մասնավորապես՝ երկու երկրների ոստիկանության ակադեմիաների համագործակցության, կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կրթահամալիրների սովորողների փոխանակման  ծրագրերի շուրջ:

Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Կատարի Պետության ՆԳ նախարարության Քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրինությունում: Պատվիրակության անդամները ծանոթացել են արագ արձագանքման, մոնիթորինգի ստորաբաժանումների, ինչպես նաև փրկարարների աշխատանքին, զրուցել են աշխատակիցների հետ:

Հիշեցնենք, որ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված MILIPOL Qatar 2024 համաշխարհային ցուցահանդեսին, որի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Կատարի Պետության գործընկերների հետ:

bottom of page