«Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ մնացել է մենակ և դաշնակիցներ չունի մարտադաշտում». Լավրով
- Investigative journalist

- Jul 28
- 1 min read

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով «Իմաստների տարածք» երիտասարդական ֆորումում, հայտարարել է, որ Ռուսաստանն իր պատմության մեջ առաջին անգամ միայնակ պատերազմ է մղում ամբողջ Արևմուտքի դեմ՝ առանց դաշնակիցների։
«Մենք շատ անելիքներ ունենք։ Դրանցից ամենակարևորը հաղթանակն է։ Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է կռվում ամբողջ Արևմուտքի դեմ։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար պետք է հույսներս դնենք մեզ վրա. չպետք է թույլ տանք որևէ թուլություն կամ անզորություն»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ գալիք տասնամյակը հեշտ չի լինելու բազմաթիվ մարտահրավերների պատճառով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գործողությունների։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Մոսկվան պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ մտնելուց, դադարեցվի դաշինքի ընդլայնումը և ճանաչվեն «իրողությունները գետնի վրա»։
Լավրովը առանձին մեկնաբանել է Արևմուտքի հետ ներկայիս հարաբերությունները։ Նա նշել է, որ չնայած սրմանը՝ Արևմուտքի երկրներում դեռևս կան «ողջամիտ ուժեր», որոնց հետ Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն վարել։ Որպես օրինակ՝ նա նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ հաղորդակցությունը։ «Թրամփի վարչակազմի հետ մեր վարած երկխոսությունը ցույց է տալիս, որ Արևմուտքում դեռևս կան ողջամիտ մարդիկ։ Եվ նրանք բավականին լուրջ աջակցություն ունեն, ինչը ցույց են տալիս Միացյալ Նահանգների ներսում տեղի ունեցող զարգացումները»,- ասել է Լավրովը։




















