top of page

Հանքարդյունաբերության լավագույն տեխնիկան ու փորձը՝ Հայաստանում. «Լիդիան Արմենիա»-ն ու «Mota-Engil»-ը վերապատրաստում են ծանր տեխնիկայի օպերատորներ

Jul 2
2 min read


Հանքարդյունաբերության միջազգային լավագույն տեխնիկան ու փորձը՝ Հայաստանում: «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի հանքավայրում, հանքարդյունահանման աշխատանքներին ընդառաջ սկսել է համագործակցություն պորտուգալական Mota-Engil ընկերության հետ: Այն խոշոր հանքարդյունաբերական նախագծերի իրականացման բազմամյա փորձ ունեցող միջազգային ընկերություն է, որը հայաստանյան ապագա մասնագետներին փոխանցում է ծանր տեխնիկայի օպերատորության տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։

«Այս պահին 1,000-ից ավելի աշխատակից ունենք ներգրավված Ամուլսարի ծրագրում և այս փուլում «Mota-Engil» ընկերությունը, ծրագրի շահագործման ընթացքում իրականացնելու է հանքարդյունահանման հատվածը»,-ասում է «Լիդիան Արմենիա» ընկերության Հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Մարգարիտա Ափոյանը:

Ամուլսարին հարակից համայնքների բնակիչներն արդեն հասցրել են ներգավվել վերապատրաստման դասընթացներին: Նախատեսվում է, որ հանքարդյունահանման աշխատանքներին, ընդհանուր առմամբ կներգրավվի ավելի քան 400 ծանր տեխնիկայի օպերատոր: Մարգարիտա Ափոյանը հավելում է՝ հարակից համայնքներից 32 աշխատակից ունեն, որոնք արդեն ներգրավված են աշխատանքներում, իսկ 60 հոգի վերապատրաստման դասընթացներ է անցնում:

Վերապատրաստումն իրականացվում է մի քանի փուլով՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան, որի համար «Լիդիան Արմենիա» ընկերությունն ապահովել է ոչ միայն լավագույն տեխնիկան, այլև՝ ուսուցման նորարար լուծումները:

«Մեր նպատակն է Հայաստանում պատրաստել և զարգացնել լավագույն ծանր տեխնիկայի օպերատորների։ Մեզ համար ամենաբարձր արժեքները մարդու կյանքն ու անվտանգությունն են և ցանկանում ենք, որ յուրաքանչյուր աշխատակից աշխատանքի գա առողջ և այդպես էլ վերադառնա իր ընտանիք: Այս ծրագիրը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում կան խելացի, արագ սովորող և բարձր ներուժ ունեցող մասնագետներ։ Նրանք, ովքեր նախկինում փորձ չեն ունեցել այս ոլորտում, անցնում են շուրջ 600 ժամ տևողությամբ, գրեթե երեք ամիս մասնագիտական վերապատրաստում։ Իսկ այն թեկնածուները, ովքեր ունեն համապատասխան գիտելիք և փորձ, կարող են պատրաստ լինել աշխատանքի նույնիսկ 100 ժամ ուսուցումից հետո»,-նշում է «Mota-Engil» ընկերության Վերապատրաստման կորպորատիվ մենեջեր Ջոաքիմ Ամարոն:

Մասնագետները նշում են՝ մինչև ծանր տեխնիկայով աշխատանքի անցնելը ծրագրի մասնակիցները պետք է հաղթահարեն 7 փուլ՝ հոգեբանական թեստերից մինչև ստացած գիտելիքների կիրառում՝ սիմուլյատորների միջոցով: Վերջինիս կիրառումն օպերատորներին հնարավորություն է տալիս անվտանգ պայմաններում ձեռք բերել անհրաժեշտ փորձ և պատրաստվել իրական աշխատանքային պայմաններին։

«Ուսուցումն ավարտելուց հետո օպերատորները ստանում են հատուկ լիցենզիա, որով կարող են աշխատել աշխարհի ցանկացած երկրում, որտեղ շահագործվում է «Caterpillar» ընկերության արտադրած տեխնիկան»,-մանրամասնում է «Mota-Engil» ընկերության դասընթացավար Արտյոմ Մանյանը:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորել բարձր որակավորում ունեցող տեղական աշխատուժ, որը կկարողանա աշխատել ժամանակակից հանքարդյունաբերական տեխնիկայով և մասնակցել նախագծի անվտանգ ու արդյունավետ շահագործմանը։ Ծրագրին մասնակցության առաջահերթությունը տրվում է հարակից բնակավայրերի բնակիչներին, որոնցից մեկն էլ Տիգրանն է:

Նա, արդեն 2 ամիս է՝ անցնում է համապատասխան ուսուցում, մի քանի օրից կավարտի դասընթացը: Ասում է՝ եթե չլիներ այս ծրագիրը, ստիպված էր լինելու արտագնա աշխատանքի մեկնել:

«Համայքի վրա շատ լավ է ազդում: Այն, որ աշխատատեղը կա, դա շատ լավ է, իսկ մնացածն էլ կառավարելի է, մենք տեսնում ենք՝ ամեն ինչն էլ կառավարելի է, այդ թվում՝ բնապահպանական ռիսկերը: Ամենակարևորն անվտանգությունն է, որ այստեղ սովորում ենք այդ ամենը, փորձ ենք ձեռք բերում»,-ասում է Գորայքի բնակիչ Տիգրան Հարությունյանը:

Այսպիսով, վերապատրաստման ծրագիրը միավորում է միջազգային փորձն ու տեղական ներուժը՝ պատրաստելով որակավորված մասնագետների, որոնք կկարողանան աշխատել ժամանակակից ծանր տեխնիկայով՝ ապահով և միջազգային չափանիշներին համապատասխան։

 
 
1/2853
bottom of page