Սամվել Կարապետյանը խուսափո՞ւմ է սեփական դեմքով հանդես գալ. «Հայամետ»-ի առեղծվածը
- Investigative journalist

- Sep 30
- 2 min read

Շուտով ՀՀ-ում պետական գրանցում ստացած՝ 120-ը գերազանցող կուսակցությունների ցանկը կհամալրի նոր քաղաքական պրոյեկտ՝ «Հայամետ» անունով (petregistr.am-ում օրերս գրանցվել է նույնանուն՝ «Հայամետ» կրթամշակութային ՀԿ): Կուսակցության հիմնադիր համագումարի մասին հայտարարությունն այսօր զետեղվել է azdarar.am հարթակում։ Ընդ որում՝ կուսակցության հիմնադիր համագումարի մասին հայտարարությունը զետեղվել է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ձևավորած «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ, Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի կողմից։ Համագումարը տեղի կունենա «Դվին» հյուրանոցում՝ ինչպես որ վերոհիշյալ շարժման պրեզենտացիան տեղի ունեցավ, ս.թ. նոյեմբերի 2-ին։
Civic.am-ի հետ զրույցում Ա. Ալեքսանյանը նշեց, սակայն, որ կուսակցությունը ոչ թե Սամվել Կարապետյանի կողմից է ձևավորվելու, այլ անձամբ իր։ Տարօրինակ է։ Հստակեցմանը՝ իսկ «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամները, մասնավորապես Նարեկ Կարապետյանն ու Կարապետյան ընտանիքի մյուս անդամները ներգրավվելո՞ւ են կուսակցության կազմում՝ Ալեքսանյանը խուսափեց հստակ պատասխանել և բավարարվեց՝ նշելով. «Այս պահին ձեզ չեմ կարող մանրամասնել»։
«Մեր ձևով»-ից Civic.am-ին փոխանցեցին Նարեկ Կարապետյանի ողջույններն ու պատասխանը այն հարցի՝ «Հայամետ»-ը արդյոք Սամվել Կարապետյանի խոստացած ձևավորելիք կուսակցությո՞ւնն է, թե՞ ոչ։ «Առաջիկայում հնարավորություն կտրվի այդ հարցի պատասխանը ստանալ»։
Փաստորեն, Սամվել Կարապետյանը որոշել է իր կողմից ձևավորվելիք քաղաքական պրոյեկտի «հետքերը թաքցնելու» նպատակով այն ուրիշի անունով գրանցել։ Նպատակը մեկն է՝ որպեսզի կուսակցությունը չնույնացվի իր գերդաստանի անդամներից որևէ մեկի հետ, փույթ չէ, որ նույնացումը, ինչպես ռուսներն են ասում՝ «как ни крути», այսուհանդերձ, տեղի է ունենալու։ Նկատենք՝ որոշվել է հրաժարվել «հայավարի»՝ բացասական երանգավորում ստացած էպիտետից՝ այն փոխարինելով «հայ» արմատով մեկ այլ ածականով՝ «հայամետ» (բա հո «ռուսամետ» բառը չէի՞ն ընտրելու)։ Նկատենք՝ մոտ երկու ամիս առաջ Ա. Ալեքսանյանը նախկին նախագահ Քոչարյանի հետ փոխկապակցված ԶԼՄ-ի եթերում ազդարարել էր, թե իրենց գաղափարական առաջնորդը լինելու է Սամվել Կարապետյանը։
Ուշագրավ է կուսակցության՝ azdarar.am-ում հրապարակված կանոնադրությունն ու ծրագրի նախագիծը, որում մի շարք խրթին, ցաքուցրիվ մտքեր կան, կիսատ-պռատ ձևակերպված նախադասություններ՝ կուսակցության տեսլականի մասին։ Մասնավորապես. ««ՀԱՅԱՄԵՏ» կուսակցության հիմնական նպատակներն են՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը համարելով անկյունաքարային՝ Հայաստանի Հանրապետության և տարածքային ամբողջականությունը անքննելի արժեքների պահպանում, Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը Հայկական բանակն է։ ՀՀ ԶՈՒ-երը կանգնած լինելով լրջագույն մարտահրավերների առջև՝ իրենց թիկունքում պետք է զգան աշխարհասփյուռ 10 միլիոն հայության օժանդակումն ու սատարումը։ Առաջնային է Հայոց բանակի ոգեղեն, վերահագեցման ու զորեղացման զարթոնքը: Դաշնակից պետությունների հետ հարաբերությունների ամրապնդումը պետք է ուղղեկցվի արդիական զինատեսակների ձեռքբերումով»։
Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ էսքան փող ունենալու պայմաններով неужели? մի նորմալ, խելքը-գլխին և ամենակարևորը՝ գրագետ հայերենով կանոնադրություն ու ծրագիր գրող չեն գտել։
Հ. Մ.




















