Լավրովը ԱՄՆ-ին կոչ է արել գործել «տղամարդու» նման
- Feb 9
- 1 min read

ԱՄՆ-ն այժմ ինքը պատրաստ չէ կատարել Ուկրաինայի հարցով իր առաջարկները, որոնք արվել են Անքորիջում Դոնալդ Թրամփի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը BRICS TV-ին տված հարցազրույցում։
Լավրովի խոսքով՝ Թրամփի վարչակազմը «չի վիճարկում» Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների օրենքները, որոնք ընդունվել են իր իրավանախորդի՝ Ջո Բայդենի կողմից։ Լավրովը նշել է, որ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Լուկոյլի» և «Ռոսնեֆտի» դեմ, «ընդ որում, դա արել են աշնանը՝ Անքորիջում Պուտինի և Թրամփի միջև շատ լավ հանդիպումից մի քանի շաբաթ անց»։
«Այսինքն՝ կարծես մեզ ասում են, որ պետք է լուծել ուկրաինական խնդիրը։ Դե ահա, Անքորիջում մենք ընդունեցինք Միացյալ Նահանգների առաջարկը։ Այսինքն՝ եթե մոտենանք տղամարդկորեն, ապա նրանք առաջարկել են, մենք ընդունել ենք, և խնդիրը պետք է լուծվի։ <…> Կարևոր չէ, թե ինչ են խոսում Ուկրաինայում, Եվրոպայում, մենք հրաշալի տեսնում ենք Եվրամիության ռեժիմների մեծ մասի քարանձավային ռուսաֆոբիան՝ հազվադեպ բացառություններով։ Մեզ համար կարևոր էր Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Եվ այսպես, ընդունելով նրանց առաջարկները՝ մենք, կարծես, կատարեցինք ուկրաինական հարցը լուծելու և լիարժեք, լայն և փոխշահավետ համագործակցության անցնելու խնդիրը:
Առայժմ գործնականում ամեն ինչ հակառակն է թվում. սահմանվում են նոր պատժամիջոցներ, կազմակերպվում է պատերազմ լցանավերի դեմ, ինչպես գիտեք, բաց ծովում՝ խախտելով Ծովային իրավունքի մասին կոնվենցիան: Հնդկաստանին և մեր մյուս գործընկերներին փորձում են արգելել գնել էժան, մատչելի ռուսական էներգակիրներ»։
Լավրովը հավելել է՝ «տնտեսության ոլորտում ևս որևէ պայծառ ապագա չենք տեսնում»:




















