«Ժողովուրդ». Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է
- 3 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 3-ին երկու քաղաքացի շտապօգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն չէին հոսպիտալացվել։ Պաշտոնական հիմնավորումը՝ ալկոհոլի ազդեցություն։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանը՝ իրավական գնահատականի փոխարեն, սահմանափակվում է նամակներ ուղարկելով։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում արձանագրված միջադեպը ուսումնասիրվել է մեր դիմումից հետո։
Մինչդեռ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը ինքնին չի կարող հանդիսանալ բուժօգնությունից հրաժարվելու օրինական հիմք, հատկապես՝ շտապօգնության միջոցով տեղափոխման պարագայում։
ՄԻՊ-ից հայտնել են, որ բժշկական կենտրոնից պահանջվել է պարզաբանում, ստացված տեղեկատվությունն ընդունվել է ի գիտություն, ինչպես նաև հարցի առնչությամբ գրություն է ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարություն։ Այժմ սպասվում է նախարարության պատասխանը։
Այսպիսով, օմբուդսմենի արձագանքը տվյալ փուլում սահմանափակվել է նամակագրությամբ։ Սակայն հանրային հնչեղություն ունեցող այս հարցում դեռ չկա հստակ դիրքորոշում՝ խախտվե՞լ է արդյոք առողջության պահպանման իրավունքը, անհետաձգելի բուժօգնության մատչելիությունը, կամ առկա՞ է խտրական վերաբերմունք, թե ոչ։
Փաստացի արձանագրված է, որ ալկոհոլ օգտագործած քաղաքացիներին հիվանդանոցային բուժօգնություն չի տրամադրվել։ Իսկ ՄԻՊ-ի ինստիտուտը, որը պետք է հանդես գա որպես մարդու իրավունքների պաշտպանության անկախ երաշխավոր, այս փուլում սահմանափակվում է միջնորդավորված հաղորդակցությամբ։ Բայց օմբուդսմենից հանրային ակնկալիքը վստահաբար նամակագրությունը չէ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















