Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է շուրջ 3 մլն դոլարով. սա Beatles-ի ամենաթանկ գործիքն է
ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել է Ջոն Լենոնի 12 լարային կիթառը, որը համարվում էր անհետ կորած ավելի քան կես դար։ Կիթառը վաճառվել է 2,9 միլիոն դոլարով՝ այն դարձնելով ամենաթանկ երաժշտական գործիքը, որը կապված է Beatles խմբի պատմության հետ, գրում է bbc.com-ը։Կիթառը, որը կոչվում է Hootenanny, պատրաստվել է բավարական երաժշտական գործիքներ արտադրող Framus-ի կողմից։ Ջոն Լենոնը գործիքը գնել է 1964 թվականին և օգտագործել 1965 թվականին թողարկված երկու ալբոմներում մի քանի երգ ձայնագրելու համար: Որոշ ժամանակ անց Լենոնը կիթառը նվիրել է շոտլանդացի երաժիշտ Գորդոն Ուոլերին, որն, իր հերթին, գործիքը տվել է իր մենեջերին: Վերջինս կիթառը թողել է ձեղնահարկում և մոռացել դրա մասին:
Շատ տարիներ անց կիթառը հայտնաբերել են մենեջերի տան նոր սեփականատերերը: Նրանք հասկացել են, որ խոսքը չափազանց անսովոր գործիքի մասին է, ուսումնասիրել են դրա պատմությունը և աճուրդի հանել այն:
Փորձագետները կարծում էին, որ Hootenanny-ն կվաճառվի մոտավորապես 485-647 հազար ֆունտ ստեռլինգով, սակայն Նյու Յորքի Hard Rock Cafe-ում կայացած աճուրդի իրական գինը շատ ավելի բարձր էր։«Այս կիթառը ոչ միայն կարևոր է երաժշտության պատմության համար, այն նաև ծառայում է որպես Ջոն Լենոնի ստեղծագործական ժառանգության խորհրդանիշ: Այս աճուրդում այսօր գրանցված ռեկորդը ցույց է տալիս, որ Beatles-ի և Ջոն Լենոնի երաժշտությունը հավերժական է և անվերապահորեն հարգված», - ասում է Julien's Auctions-ի ղեկավար Դեյվիդ Գուդմանը: