Գիտնականները պարզել են, որ մակակներն ունեն երկրաչափական բնածին մտածողություն
- 5 days ago
- 1 min read

Միջազգային հետազոտական խմբի գիտնականները պարզել են, որ ռեզուս մակակները երկրաչափական պատկերների ճանաչման առաջադրանքները կատարում են գրեթե նույն մակարդակով, ինչ մաթեմատիկական պատրաստվածություն չունեցող 4-5 տարեկան երեխաները։ Արդյունքները ցույց են տալիս, որ երկրաչափական տարրական մտածողությունը ուսուցման արդյունք չէ, այլ ձևավորվել է էվոլյուցիայի ընթացքում։ Հետազոտությունը հրապարակվել է PNASամսագրում։
Երկրաչափությունը հասկանալու ունակությունը մաթեմատիկայի, տարածական մտածողության և կողմնորոշման հիմքն է։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ այդ ունակությունը զարգանում է կրթության և մշակութային փորձի շնորհիվ։ Այդ ենթադրությունը ստուգելու համար նրանք ուսումնասիրել են կենդանիների, որոնք երբեք չեն հաճախել դպրոց։
Փորձերի ընթացքում ռեզուս մակակներին ցույց են տվել երկրաչափական պատկերների խմբեր և խնդրել ընտրել այն պատկերը, որը տարբերվում էր մյուսներից։ Առաջադրանքները ներառում էին անկյունների, համաչափության, զուգահեռ գծերի և հիմնական երկրաչափական պատկերների՝ եռանկյունների, քառակուսիների ու շրջանների ճանաչում։ Նույն առաջադրանքները կատարել են նաև նախադպրոցական տարիքի երեխաները, որոնք հատուկ մաթեմատիկական պատրաստվածություն չեն ունեցել։
Պարզվել է, որ մակակները առաջադրանքների մեծ մասը կատարել են 4-5 տարեկան երեխաների մակարդակով։ Միաժամանակ նրանք զգալիորեն ավելի դժվար են հաղթահարել այն խնդիրները, որոնք պահանջում էին ավելի վերացական երկրաչափական հասկացությունների ընկալում․ այդ հարցերում նրանց արդյունքները զիջել են ավելի մեծ տարիքի երեխաներին։
Գիտնականների կարծիքով՝ երկրաչափական տարրական ճանաչման ունակությունը մարդկանց և մակակների ընդհանուր նախնու մոտ ձևավորվել է առնվազն 25 միլիոն տարի առաջ՝ որպես տարածությունում կողմնորոշվելու և առարկաները ճշգրիտ բռնելու համար անհրաժեշտ հարմարվողականություն։
Հետազոտության հեղինակները նշում են, որ այս արդյունքները նոր հարց են առաջ բերում՝ որոնք են մարդու իրական ճանաչողական «մեկնարկային հնարավորությունները» ծննդյան պահին՝ մինչև որևէ ուսուցման սկսվելը։




















