«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղի վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ
Լոռու մարզի երկաթուղային գծերը մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով. այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, նշելով, որ բացի այդ հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր:
««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 26-ից անցել է հասցված վնասների չափը պարզելու և խաթարված ենթակառուցվածքը վերականգնելու համաժամանակյա աշխատանքներին: «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ա. Մելնիկովի գլխավորությամբ ստեղծվել է երկաթուղու վնասված ենթակառուցվածքի հետևանքների վերացմանն ուղղված վերականգնողական աշխատանքների կազմակերպման շտաբ: Ընկերության ղեկավարը ռուսաստանյան «Ռոսժելդորպրոյեկտ» ԲԸ-ից հրավիրված մասնագետների հետ համատեղ իրականացնում են բոլոր ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն՝ աշխատանքների ծավալների, տեխնոլոգիայի և ենթակառուցվածքի վերականգնման համար անհրաժեշտ նյութերի քանակի սահմանմամբ։
Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մշակվում են երկաթուղու աշխատանքի ժամանակավոր սխեմաներ»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: