«Ժողովուրդ». Այսքան միլիարդների մեջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ խոստանում էր՝ ինչ ասենք՝ կանի, պարզապես խաբում է քաղաքացիներին
- Investigative journalist

- Aug 23
- 2 min read

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2024 թվականին Երևանի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ կամ 103,1 տոկոս՝ բյուջեի պլանավորման նկատմամբ փաստացի կատարողական: Սեփական եկամուտները կատարվել են 113,1 տոկոսով, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել, ինչը կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ», – 2025-ի հունիսի 11-ին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանի գործերը լավ են, և ինչպես ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էր ասում Սյունիքում՝ «մեր երկիրը փողի խնդիր չունի»: Սակայն այսքան միլիարդների մեջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ խոստանում էր՝ ինչ ասենք՝ կանի, պարզապես խաբում է քաղաքացիներին:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Տիգրան Ավինյանի փաստացի խոստումները, արձանագրեց, որ 2025 թվականի սկզբին քաղաքային իշխանությունը խոստացել էր գնել 45 տրոլեյբուս մայրաքաղաքի համար։ Սակայն հայտարարությունից ամիսներ հետո ասացին, թե տրոլեյբուսների ամբողջ քանակը հնարավոր չի լինի ձեռք բերել. ինչո՞ւ, որովհետև տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի արդյունքում եղել են թերհավաքագրումներ: Անգամ օրենք փոխեցին, որ տուգանեն բոյկոտող քաղաքացիներին… Կարճ ասած՝ քաղաքային տրանսպորտի բյուջեում փող չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, ուսումնասիրելով 2025 թվականի հունվար-մայիս ամիսների տվյալները, տեղեկացավ, որ Երևանում վաճառվել է 6 մլրդ 28 մլն դրամի ուղևորատոմս: Սա նշանակում է, որ ամսական 1 միլիարդից ավելի գումար է հավաքագրվել քաղաքացիներից՝ 150-ական դրամներով։
Իսկ ի՞նչ արժե 1 տրոլեյբուսը. տարբեր հաշվարկներով՝ 95-96 մլն դրամ: Այսինքն՝ Տիգրան Ավինյանը կարող է Երևանի համար խոստացված տրոլեյբուսները գնել հավաքված գումարով և մի բան էլ ավելին. հավաքագրված 6.28 մլրդ դրամով կարելի է գնել 65 տրոլեյբուս՝ 45-ի փոխարեն: Սակայն չի արվում:
Փոխարենը շռայլ ծախսեր են արվում Տիգրան Ավինյանի ամբիցիաները բավարարելու համար: Երբ նա 2023 թվականի հոկտեմբերին ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, երևանցիները 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար վճարեցին, որ Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ:
«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարից հետաքրքրվեց՝ ինչու Տիգրան Ավինյանը չի կատարում խոստումը և Երևանի համար չեն գնվել խոստացված 45 տրոլեյբուսները: Քաղաքապետարանից արձագանքել են. «45-ի մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունը կա, մնում է ֆինանսական հարցերը լուծենք, որ կարողանանք 45-ն էլ այս տարի ունենանք»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում




















