Անձրևի ժամանակ տաքսիների գնի բարձրացման հարցը քննարկվել է ԱԺ-ում
- 2 hours ago
- 1 min read

Ազգային ժողովում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի բյուջետային կատարողականի քննարկման ընթացքում պատգամավոր Գեղամ Նազարյանը բարձրացրել է տաքսի ծառայությունների սակագների կտրուկ աճի հարցը՝ նշելով, որ անձրևային եղանակին դրանք երբեմն կարող են աճել մինչև չորս անգամ։
Պատգամավորը հետաքրքրվել է, թե երբ է հնարավոր կարգավորել այդ խնդիրը։
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պարզաբանել է, որ սակագների փոփոխությունը պայմանավորված է ոչ թե անձրևով, այլ առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ։
«Ալգորիթմը հաշվի է առնում երկու հիմնական գործոն՝ երթուղու երկարությունը և այն ժամանակը, որը վարորդը ծախսելու է Ա կետից Բ կետ հասնելու համար։ Անձրևի ժամանակ երթևեկությունը դանդաղում է, և նույն ճանապարհը հաղթահարելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում։ Բացի այդ, գործում է առաջարկ-պահանջարկի գործակիցը»,- նշել է նա։
Գևորգյանի խոսքով՝ այդ գործակցի առավելագույն շեմը սահմանվել է կրկնակի չափով։
«Մենք սահմանափակել ենք գործակիցը՝ առավելագույնը երկու անգամ։ Եթե նույնիսկ գինը բարձրանում է այդ շեմից, ապա հավելյալ գումարը չի մնում հարթակին։ Օրինակ՝ «Յանդեքս»-ը նման դեպքերում լրացուցիչ եկամուտ չի ստանում, և ամբողջ գումարը փոխանցվում է վարորդին»,- ասել է հանձնաժողովի նախագահը։




















