top of page

Հայաստանը բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:

«Սպասում ենք գրավոր պատասխանին, որը կկցվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքին և կուղարկվի համապատասխան ատյաններին: Վստահեցնում եմ՝ կփորձենք վերականգնել արդարությունը»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Փարիզ-2024-ի մեկնարկում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով, իսկ կիսաեզրափակչում 5:3 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել կուբացի Գաբրիել Ռուսիլոյի նկատմամբ:

2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոն է դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

1/1872
bottom of page