Որքան Ադրբեջանում ավելի հաճախ են հիշատակում «Բասարգեչար» անունը, այնքան Հայաստանում հնչում է «Արցախ» բառը. Փաշինյան
- Investigative journalist

 - 7h
 - 1 min read
 

«Օգոստոսի 18-ի իմ ուղերձում ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների վերադարձի օրակարգը ես համարում եմ վնասակար խաղաղության համար։ Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին»,-«Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացում երկուստեք փաստարկվում է, որ մաքսային կետերում երկու ժողովուրդների շփումը ռիսկային է, հոգեբանական խնդիր կա, բայց 5 րոպե հետո խոսում են փախստականների վերադարձի մասին։
«Եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ Փաշինյանն ասաց, որ գործարքի էությունը կայանում է նրանում, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, և պարտավորվում են չանել գործողություններ, որոնք կխախտեն այդ սկզբունքը։
Նա հիշեցրեց, որ ըստ Վաշինգտոնի հռչակագրի կողմերը բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները, իրականացնում են սահմանազատում՝ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա և «հանգիստ են թողնում միմյանց»։
Փաշինյանի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի նախաբանում ևս հղում կա Ալմաթայի հռչակագրին, ինչը փաստում է, որ խաղաղության ճարտարապետությունը քաղաքական մակարդակում ամբողջությամբ կառուցված է։
Նա նաև նշեց, որ Հայաստանում և Ադրբեջանում առկա են համընկնող սոցիալ-հոգեբանական երևույթներ՝ օրինակ բերելով, որ որքան Ադրբեջանում ավելի հաճախ են հիշատակում «Բասարգեչար» անունը, այնքան Հայաստանում հնչում է «Արցախ» բառը։




















