British Petroleum-ը և իտալական Eni SpA-ն հայտարարել են Ադրբեջանից աղտոտված նավթի մատակարարման մասին
- Investigative journalist

- Jul 24
- 1 min read

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող նավթն աղտոտված է օրգանական քլորիդներ պարունակող վառելիքով. այս քիմիական նյութերն օգտագործվում են հում նավթի արդյունահանումը մեծացնելու համար, հայտարարել է Ադրբեջանում խոշորագույն նավթ արտադրող British Petroleum (BP Plc) ընկերությունը, հաղորդում է Bloomberg-ը։
Ընկերությունը հայտարարել է, որ բացահայտել է Ադրբեջանից նավթի առանձին առաքումների հետ կապված հնարավոր աղտոտման խնդիրները: Աղտոտմանը վերագրվող օրգանական քլորիդները քիմիական նյութեր են, որոնք, զգալի քանակության դեպքում, կարող են վնասել նավթավերամշակման գործարաններն ու սարքավորումները:
«BTC Co.-ին տեղեկացվել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող որոշ հում նավթի բեռնափոխադրումներում օրգանական քլորիդների հետ կապված որակի հնարավոր խնդրի մասին», - հայտնել է BP-ն։
«BTC Co.-ն ներկայումս գնահատում է հում նավթի որակը խողովակաշարի երկայնքով գտնվող բոլոր տեղանքներում», - հավելել է ընկերությունը։
Իտալական Eni SpA-ն նույնպես հայտարարել է, որ գնել է աղտոտված նավթ: Ընկերությունը հայտարարել է, որ աղտոտված նավթը հայտնաբերել է ներքին ստուգումների ժամանակ:
«Այժմ մեր համակարգեր մտնող նավթը կմշակվի պատշաճ կերպով՝ առանց շրջակա միջավայրի, առողջության կամ անվտանգության համար ռիսկերի», - շեշտել է Eni-ի խոսնակը։
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարը համակարգ է, որի միջոցով ադրբեջանական նավթը արտահանվում է Թուրքիա: Bloomberg-ը նշում է, որ տարեսկզբից դրանով օրական մոտ 575,000 բարել հում նավթ է առաքվել: Ղազախստանը նույնպես նավթ է արտահանում այս գազատարով:




















