Թրամփ-Պուտին հանդիպումը չեղարկվել է. ինչն է պատճառը՝ ըստ FT-ի
- Investigative journalist 
- 9 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ն չեղարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Բուդապեշտում նախատեսված հանդիպումը այն բանից հետո, երբ Մոսկվան Վաշինգտոն է ուղարկել «Ուկրաինայի նկատմամբ իր կոշտ պահանջները հաստատող» փաստաթուղթ, ինչպես նաև Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույցից հետո: Այս մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի 16-ին, որի արդյունքներով ԱՄՆ նախագահը հայտարարել էր Ռուսաստանի նախագահին Բուդապեշտում «երկու շաբաթվա ընթացքում» հանդիպելու մասին:
FT-ի տեղեկություններով՝ այս զրույցից մի քանի օր անց Ռուսաստանի ԱԳՆ-ն Վաշինգտոն է ուղարկել հուշագիր, որում խոսվել է Մոսկվայի պահանջի մասին՝ վերացնելու Ուկրաինայում պատերազմի «արմատական պատճառները»։ Ռուսաստանի իշխանությունները կրկին պահանջել են Կիևի կողմից տարածքային զիջումներ, Ուկրաինայի զինված ուժերի կրճատում և երաշխիքներ առ այն, որ Ուկրաինան երբեք չի մտնի ՆԱՏՕ։ Այն մասին, որ Մոսկվան Վաշինգտոն է ուղարկել «ոչ պաշտոնական փաստաթուղթ» իր պայմաններով, հայտնել է Reuters-ը։ Փաստաթղթում կրկին հիշատակվել է Ռուսաստանի պահանջը՝ վերահսկողություն հաստատել ամբողջ Դոնբասի նկատմամբ, ինչպես նաև ընդգծվել է Մոսկվայի վճռականությունը՝ հավատարիմ մնալ Ուկրաինայի նկատմամբ իր «առավելապաշտական պահանջներին»։
Այնուհետև հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի միջև։ FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցի արդյունքներով Ռուբիոն Թրամփին ասել է, որ Մոսկվան բանակցելու պատրաստակամություն չի դրսևորում։ Պարբերականի այլ աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը «տպավորված չէր» Մոսկվայի դիրքորոշմամբ։
Վաշինգտոնի կասկածները առ այն, թե Մոսկվայի հետ բանակցությունները կհանգեցնեն առաջընթացի, ուժեղացել են այդ թվում նաև Լավրովի «անզիջում տոնի պատճառով», որը դեռ սեպտեմբերին Նյու Յորքում Ռուբիոյի հետ կարճատև հանդիպման ժամանակ պնդել էր, որ Ուկրաինան, ռուսական իշխանությունների կարծիքով, «նացիստների» ձեռքում է։
Այնուամենայնիվ, ԱՄՆ պաշտոնյաների շրջանում աղբյուրները նշել են, որ Թրամփը բաց է մնում Ռուսաստանի հետ ապագա բանակցությունների համար՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով, եթե դրանք հանգեցնեն որևէ առաջընթացի։




















