top of page

«Դժվար էր թողնել ամեն ինչ՝ տունը, աշխատանքը, սիրելի մարդկանց, մի ամբողջ կյանք, և գալ օտար երկիր ու ամեն ինչ սկսել նորից». Աննա Մանուչարյանը՝ դժվար փուլի և ֆիլմում գլխավոր դեր ստանալու մասին

  • 2h
  • 2 min read


«Բազմասերիանոց ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ US Armenia հեռուստաընկերության տնօրենության կողմից, ինչի համար շատ ուրախ եմ։ Նախ՝ այն պատճառով, որ հնարավորություն ունեմ Միացյալ Նահանգներում զբաղվելու իմ մասնագիտությամբ, և երկրորդ՝ որովհետև ֆիլմում ստանձնել եմ գլխավոր դեր ու աշխատել շատ ջերմ և ստեղծագործական մթնոլորտում՝ հրաշալի մարդկանց հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Աննա Մանուչարյանն, ով այժմ դստեր՝ Մալենայի հետ բնակվում է ԱՄՆ-ում։



Սցենարի հեղինակը Անուշ Պետրոսյանն է, ռեժիսորը՝ Արտյոմ Հարությունյանը։ Գլխավոր դերերը մարմնավորում են Աննա Մանուչարյանն ու երգիչ Վաչե Ամարյանը։

«Այս ֆիլմն ինձ համար հերթական աշխատանք չէր։ Երկար դադարից հետո կրկին հնարավորություն ունենալ զբաղվելու սիրած գործով և վայելելու դերասանի մասնագիտության ամբողջ հմայքը՝ իսկական ոգևորություն էր։


Ուրախ եմ նաև, որ ֆիլմը մեծ սիրով է ընդունվել հեռուստադիտողների կողմից։ Դա մեզ համար ամենամեծ գնահատականն է։ Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ բնակվում եմ Միացյալ Նահանգներում։ Անկեղծորեն պիտի ասեմ, որ սկզբնական փուլում հոգեբանորեն շատ դժվար էր հարմարվել։ Ամենադժվարը հասկանալն էր, թե ինչպես ճիշտ կազմակերպել կյանքն ու առօրյան նոր իրականության մեջ։ Քանի որ մենակ չէի․ դստերս հետ էինք քայլ դրել դեպի նոր ու անհայտ կյանք, պատասխանատվությունս կրկնակի էր։ Ես ցանկանում էի հնարավորինս ճիշտ և վստահ քայլել այս նոր ճանապարհով։ Փառք Աստծո, այստեղ ունեմ հրաշալի ընկերուհիներ, ովքեր իրենց ընտանիքներով կողքիս կանգնեցին, և հենց նրանց շնորհիվ առաջին, ամենաբարդ ու անհասկանալի ամիսները շատ ավելի հեշտ հաղթահարեցի»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:



Աննան պատմեց, որ դժվար էր թողնել ամեն ինչ՝ տունը, աշխատանքը, սիրելի մարդկանց, մի ամբողջ կյանք, և գալ օտար երկիր՝ ամեն ինչ սկսելու նորից։ «Բայց կյանքը ցույց է տալիս, որ մարդն ի վիճակի է հաղթահարել ցանկացած փորձություն, եթե ունի ուժեղ կամք, նպատակ ու պատասխանատվության մեծ զգացում։


Եվ ամենակարևորը՝ երբ հավատում ես քեզ, անգամ ամենաանհայտ ճանապարհը կարող է դառնալ նոր հնարավորությունների սկիզբ»,- նշեց Աննա Մանուչարյանը:


Խոսելով իր համար հարազատ տուն դարձած «Կամերային թատրոնը», «Հանրային ռադիոն», իմ գեղեցկության սրահը, այն բազմաթիվ նախագծերը, որտեղ զբաղվածություն ուներ, իր սիրելի տունը, ծնողներին, ընկերներին, քաղաքն ու հայրենիքը թողնելու պատճառների և ժամանակավորապես Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մասին՝ Աննա Մանուչարյանը նկատեց.



«Պատճառը բավական պարզ էր․ մենք այստեղ ունեինք որոշ պայմանավորվածություններ՝ կապված դստերս ուսման և ստեղծագործական աշխատանքի հետ, ինքս էլ ընդունվել էի ինստիտուտ և բարեհաջող սովորեցի 2 տարի։ Նորից ուսանող լինելն ինձ համար ուղղակի անբացատրելի հաճույք էր։ Հրաշալի դասախոսներ ունեցա, և ծանոթացա ուսուցանման բոլորովին նոր մոտեցումների հետ։ Հիացած եմ։


Այս ամենը պահանջում էր մեր ֆիզիկական ներկայությունը Միացյալ Նահանգներում»:




Սակայն, որքան էլ կարևոր լինեն որոշումները, նման քայլը, ըստ դերասանուհու՝ երբեք հեշտ չի տրվում։


«Հեշտ չէ թողնել այն ամենը, ինչ տարիներ շարունակ կառուցել ես, բայց երբեմն կյանքը մեզ տանում է նոր ճանապարհներով՝ նոր փորձառությունների, նոր մարդկանց և նոր հնարավորությունների հանդիպելու։


Եվ որպեսզի աճ գրանցես քո կյանքում, պիտի դուրս գաս քեզ համար արդեն հարմարավետ դարձած գոտուց և փորձես նորը, բացահայտես նոր ուղիներ։ Ճամփորդելու պես մի բան է:


Վստահ եմ, որ յուրաքանչյուր նման քայլ, որքան էլ դժվար լինի սկզբում, վերջում մարդուն դարձնում է ավելի ուժեղ, ավելի հասուն և շնորհակալ կյանքի յուրաքանչյուր նոր հնարավորության համար»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:


Աննան նշեց, որ ԱՄՆ-ում կարողացել են ստեղծել իրենց նախասիրություններին համապատասխան ջերմ ու գեղեցիկ տուն։

«Սիրում ենք այն միջավայրը, որտեղ անցնում է մեր առօրյան, սիրում ենք եղանակը, բնությունը, խենթանում եմ այն գիտակցումից, որ օվկիանոսը մոտ է, սիրում ենք մեր նոր ընկերներին և այն կյանքը, որի մեջ այսօր ապրում ենք։


Բայց, միևնույն ժամանակ, անսահման կարոտում ենք մեր հայրենիքը և երբեք բաց չենք թողնում հնարավորությունն այցելելու Հայաստան, տեսնելու մեր հարազատներին, մինչև կավարտենք այստեղ մեր գործերը և կվերադառնանք»,- ամփոփեց նա:

 
 
1/2579
bottom of page