Վենեսուելան արգենտինական ինքնաթիռներին արգելել է թռչել իր տարածքով

Վենեսուելայի իշխանություններն արգելել են Արգենտինայում գրանցված ինքնաթիռներին թռչել իրենց օդային տարածքով այն բանից հետո, երբ Բուենոս Այրեսում վենեսուելական Emtrasur ընկերության ինքնաթիռն առգրավվել է։ Այս մասին հայտնում է Clarin թերթը։
Որոշումը հիմնականում վերաբերում է Aerol neas Argentinas ինքնաթիռներին, որոնք թռչում են Մեքսիկա և Միացյալ Նահանգներ: Բացի այդ, արգելքը վերաբերում է Արգենտինայում գրանցված մասնավոր ինքնաթիռներին։
Ըստ Clarin-ի՝ Արգենտինայի ԱԳՆ-ն երկու նոտա է ուղարկել վենեսուելական կողմին, ինչպես նաև մի քանի շաբաթ առաջ կանչել է Բուենոս Այրեսում Վենեսուելայի դեսպան Ստելլա Լուգոյին։
Emtrasur ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ Բուենոս Այրեսից 2022 թվականի հունիսին, երբ դատարանն արգելել է ինքնաթիռի անձնակազմին, որում եղել են Իրանի 5 և Վենեսուելայի 14 քաղաքացիներ, լքել երկիրը։ Այս քայլը բացատրվել է ահաբեկիչների հետ նրանց կապերի ստուգմամբ։ Նրանք բոլորն էլ հետագայում ազատ են արձակվել։ Օդանավի և անձնակազմի կալանավորումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը խնդրել է Արգենտինայի իշխանություններին առգրավել Emtrasur ինքնաթիռը, որը ստացվել է իրանական Mahan Air-ից, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Հունվարի սկզբին Արգենտինայի դատարանը բավարարել է ամերիկյան արդարադատության խնդրանքը՝ օդանավը փոխանցելու վերաբերյալ, իսկ փետրվարի 12-ին այն ուղարկվել է ամերիկյան Ֆլորիդա նահանգ՝ հետագա ոչնչացման համար:




















