top of page

Վարորդական վկայականների համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ գումար են ստացել. քրեական վարույթները դատարանում են

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 1 min read

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված  նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Երևանի բնակիչն իր ծանոթին հայտնել է, որ կարող է ՀՀ ՆԳՆ Լոռու մարզի հաշվառման-քննական բաժնում աշխատող նախկին գործընկերների օգնությամբ կազմակերպել ապօրինի եղանակով մի շարք անձանց վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը՝ յուրաքանչյուր վկայականի դիմաց պահանջելով  300.000 ՀՀ դրամ գումար: Այդ մասին հայտնում են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից:

«Դրանից հետո Երևանի բնակչի հաշվեհամարին փոխանցվել է կաշառքի առարկա հանդիսացող ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ՝ վարորդական իրավունքի չորս վկայականների դիմաց: Հետագայում, սակայն, հիշյալ անձը կաշառքի առարկան և փաստաթղթերը որևէ պաշտոնյայի չի փոխանցել և չի կազմակերպել վարորդական իրավունքի վկայականների տրամադրման գործընթացը, այլ կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ:


Վերը նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:


Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչը նույն մարզում բնակվող մի շարք անձանց հավաստիացրել է, թե կարող է վերջիններիս համար կաշառքի դիմաց կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներն անխոչընդոտ ստանալու գործընթացը և այդ նպատակով նրանցից պահանջել է տարբեր չափի գումարներ: Վերը նշված անձը, սակայն, խոստումը չի կատարել, որից հետո մարզի բնակիչները նրանից պահանջել են գումարները վերադարձնել:  


Արմավիրի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշված  է հաղորդագրությունում:

1/2204
bottom of page