Առաջարկ «Տաշիր Սամոյին»՝ կուսակցության անունը փոխել, դնել․․․
- 3 hours ago
- 2 min read

Սամվել Տաշիրցու ձևավորած (բանալի բառը՝ձև և ոչ թե բովանդակություն) քաղաքական պստիկ խմբակը, ինչպես հայտնի է, ի սկզբանե այլ կերպ էր կոչվում՝ «Հայամետ»։ Հետո «հայամետները» ժողով-մողով-համագումար-բան արեցին, կուսակցության անունը փոխեցին «Ուժեղ Հայաստան»-ի։ Թե ի՞նչ վատ անուն էր «Հայամետ»-ը, որ փոխվեց, դարձավ այն, ինչ դարձավ, մնաց գաղտնիք։ Անշուշտ, հասկանալի է, որ ռուսամետներն ու հայամետությունը օրգանապես անհամատեղելի հասկացություններ են, ուստի ձևիստները որոշեցին դիմել անկեղծության՝ իրենց այլևս չնույնացնել հայամետության հետ՝ նախընտրելով «ուժեղ տղայի» կերպարը։
Նկատենք, որ «ձևիստներ»-ը երկու համագումար են արել վերջին մի քանի ամսում, անվանափոխել ոչ միայն կուսակցությունը, այլև կուսակցության ծրագիրը։ Զարմանալի հաստատակամություն։
Ինչպես հայտնի է, սույն քաղաքական պրոյեկտի՝ նախորդ շաբաթ կայացած համագումարից հետո ուժեղները ազդարարեցին իրենց վարչապետի թեկնածուի մասին՝ Սամվել Կարապետյան, բայց երկու օր անց պարզ դարձավ, որ ուժեղների վարչապետացուն այնքան էլ ուժեղ չէ, ավելին՝ խոցելի է, քանի որ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության նախատեսած պահանջներին։ Ուժեղները, ինչպես պարզվեց, յոլա կգնան Նարեկ Կարապետյան վարչապետացուով՝ նա կգլխավորի ընտրական ցուցակը, Սամվել Կարապետյանն էլ «զապասնոյ» վարչապետացուն կլինի, մինչև Նարեկենք մի բան բզբզան, Սահմանադրությունը դզեն-փչեն, սարքեն ձյաձ Սամոյի հագով։
Չգիտենք, թե կարապետյանական խմբակը մինչև բուն ընտրական պրոցեսի մեկնարկը է՞լ ինչ «ուժեղ» կամ «ձևավոր» փոփոխություններ կանի իրենց կուսակցության անվան, թեկնածուների, ընտրական ցուցակի, ծրագրի կամ կուսակցությանը վերաբերելի այլ հարցերում, բայց ակնհայտ է, որ արդեն իսկ գործ ունենք անկայուն, հեղհեղուկ, եթե կուզեք՝ թռի-վռի մի խմբակի հետ։ Տեսնես քաղաքական զրո բագաժով ընտրական պրոցեսի մեջ մտնել պատրաստվող այս խմբակը պետական կառավարման մասի՞ն էլ նման փոփոխական պատկերացում ունի՝ մի օր անել այս, հաջորդ օրը՝ չեղարկել, անել մեկ այլ բան, մի օր հայտարարել այս, մի երկու օր հետո՝ «քենսըլ» անել, առաջարկել լրիվ ուրիշ բան։
Ամեն դեպքում, անուն ու վարչապետի թեկնածու փոխելը վատ, չափազանց մտահոգիչ ուղերձ է հունիսի 7-ի ընտրություններին սպասող էլեկտորատի համար, որը, համոզված ենք, «ձևի» ու «բովանդակության» միջև ընտրություն կատարելիս կնախընտրի բովանդակությունը։




















