«Գործ տվող չեմ», «գրող տղա չեմ»-ից մինչև դատի տալ․ Վարդան Ղուկասյանի նախագիծը չանցավ
- Investigative journalist
- 15 hours ago
- 2 min read

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որոշել է դատի տալ ՀՀ կառավարությանը։ Սա «ես գործ տվող չեմ», «ես գրող տղա չեմ», «միլիցիա տվող չեմ» ասող Ղուկասյանի նախընտրական խոստումն էր գյումրեցիներին։ Այսօրվա նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Կոմունիստական խմբակցությունը ըստ էության գլխավորող Ղուկասյանը պատրաստվում է Սահմանադրական դատարան դիմել՝ պահանջելով ավելացնել քաղաքին տրամադրվող գումարի չափը։ Պարզվեց նաև, որ դրա համար համայնքից մինչև 6 մլն դրամ կպահանջվի փաստաբանական ծախսերը փոխհատուցելու համար։
Նկատենք, որ Վարդան Ղուկասյանի նախընտրական խոստումների թվում էր Ռուսաստանից, անգամ ՌԴ կոմունիստների կողմից իր ընտրվելու դեպքում ներդրումներ բերելու ծրագիրը։ Մինչ այժմ, սակայն, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ռուսական ընկերությունները, ո՛չ էլ առավել ևս կոմունիստները Գյումրիում որևէ ներդրում չեն իրականացրել։ Եվ ահա ամբողջ օրը գործող իշխանության կողմից իբր ճնշումների ենթարկվելու, 37 թվի, հալածանքների մասին հայտարարող Վարդան Ղուկասյանը որոշել է իրականացնել իր խոստումներից հենց այս մեկը։
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը ներկայացրեց ֆինանսական այն ներդրումները, որոնք Գյումրիում իրականացվել են Կառավարության կողմից՝ դոտացիաների տրամադրման, պետական ուղիղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով։ Նշեց, որ բազմապատկվել են Գյումրիում իրականացված ծրագրերը։
«Իմ հզոր համայնքի» ղեկավար Ռուբեն Մխիթարյանը առաջարկեց առաջնորդվել անմեղության կանխավարկածով ու հանդես գալ Կառավարությանը առաջարկությամբ, որ վերջինս ավելացնի Գյումրիին տրվող հատկացումները։ Եթե մերժում ստանան կամ պատասխան չստանան՝ նոր հանդես գալ դատական հայցով։ Վարդան Ղուկասյանը հենց այդ պահին էլ հպարտորեն նշում էր, որ երբեք որևէ մեկին դատի չի տվել, անգամ երբ իր դեմ մահափորձ էին իրականացրել, ինքն իրեն պահել է որպես «չգրող տղա»։ Իսկ Կառավարությանը դատի տալու գործընթացն այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ հետամնաց, ապապետական, գաղութային ժամանակաշրջանի մտածողության մեջ տեղավորվո՞ւմ է, թե՞ ոչ։
Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ Լիզա Գասպարյանն էլ հերթական անգամ խուսանավեց պատասխանատվություն ստանձնելուց։ Նշեց, թե ողջ պատասխանատվությունը լեգիտիմ ընտրված քաղաքապետի ու գործադիր իշխանության վրա է, որտեղ իրենք ներկայացված չեն։ Չնայած հիշեցնենք, որ հենց նրանց ձայների շնորհիվ Վարդան Ղուկասյանը դարձավ Գյումրիի քաղաքապետ։ Ի դեպ՝ Մարտուն Գրիգորյանը իր ձայները գեներացրել էր Վարդան Ղուկասյանի դեմ խոսույթով՝ տղամարդու խոսք տալով, որ պահելու է ձայները, թույլ չի տալու, որ «քաղաքը Վարդան Ղուկասյանի միջոցով տանեն»։
Ի վերջո նախագծին կողմ քվեարկեց միայն Ղուկասյանի՝ Կոմունիստական խմբակցությունը։ Հարցը, սակայն, այսպիսով վերջնական չփակվեց։
Նկատենք նաև, որ քաղաքապետարանը վերջերս մի «Ճ» կլասսի, անճաշակ ռեպորտաժ էր պատրաստել՝ հայտարարելու համար, որ Գյումրիի Լազոյի փողոցը քաղաքապետարանը չի ասֆալտապատելու։ Այս փողոցը քաղաքապետարանը քանդել էր՝ նորոգելու, փոսալցում իրականացնելու համար։ Հետո Կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է այս փողոցը հիմնանորոգել։ Ի դեպ՝ այն Կառավարությունը, որին Գյումրիի քաղաքապետարանը ցանկանում է դատի տալ։ Եվ ահա քաղաքապետարանը որոշել էր, որ այս տարի փողոցը այդպես քանդած էլ թողնելու է՝ մինչև Կառավարությունն այն հիմնանորոգի։ Պատճառը ավելորդ գումար չծախսելն էր։ Իսկ ահա փաստաբանական ծախսերի համար մինչև 6 մլն դրամ տրամադրելու գումար, պարզվում է, քաղաքն ունի։
Ահա այսպիսի արդյունավետ կառավարմամբ է աչքի ընկնում Վարդան Ղուկասյանը և իր նախընտրական ծրագրերը հետևողական իրականացնելով։ Սպասենք ռուս կոմունիստների ներդրումներին։
Վոլոդյա Հակոբյան