Viva-ն միանում է քարայրային թանգարանի ստեղծմանը
- Investigative journalist

- 3 hours ago
- 2 min read

Պահպանե՛լ երկրի հնագիտական ժառանգությունը և համամարդկային նշանակության գտածոներն աշխարհին ներկայացնել գիտահենք տուրիզմի միջոցով: Viva-ն և ««Արենի-1» քարայր» գիտահետազոտական հիմնադրամը սկսել են համագործակցել՝ Հայաստանում քարայրային առաջին թանգարանն ստեղծելու նպատակով: Արդեն յոթ տարի, հիմնադրամը հետազոտություններ է իրականացնում Վայոց ձորում:
Ուշադրության կենտրոնում են ոչ միայն Արենու քարայրի, այլև Արփա գետի հովտի հնագիտական ժառանգության ուսումնասիրությունները։ Հայտնաբերված գտածոներից մինչև ենթակառուցվածքների զարգացումը մեկ շղթայով ներկայացնելու լավագույն տարբերակը՝ մեկ կետից կառավարվող և անվտանգային համակարգով ապահովված քարայրային թանգարան ստեղծելն է: Viva-ն աջակցելու է հենց այդ հարցերում: Ցուցափեղկերի ստեղծումից մինչև ցուցանմուշների պահպանություն և անվտանգության ապահովման համակարգ՝ հետևողական աշխատանք են պահանջում:
«Այս ծրագրի նպատակն ավելին է, քան «Արենի-1» քարայրում թանգարան ստեղծելը կամ դրա կառավարման համակարգն ու անվտանգությունն ապահովելը: Մեր գործընկերության անկյունաքարը հնագիտական ժառանգության պահպանման միջոցով գիտահենք տուրիզմը զարգացնելն է: Մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող հետևողական վերաբերմունքը թույլ կտա ապահովել ամբողջական շղթա՝ պեղումների միջոցով կարևորագույն նյութերի հայտնաբերման, դրանց ներկայացման և ենթակառուցվածքների զարգացման միջև: Պատկերավոր ասած՝ մենք մեր հնագիտական ժառանգության հետ «հաղորդակցվելու» հնարավորություն ենք տալու աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Նյութական ու հոգևոր մշակույթների կապը ներկայացնող «Արենի-1» քարայրում հայտնաբերվել են 6000 տարի առաջ ապրած հասարակության աշխարհընկալմանն առնչվող՝ հազարավոր գտածոներ: Հայտնաբերված գունազարդ կարասն այս պահի դրությամբ ամենակարևոր գտածոն է համարվում: Այդ և համաշխարհային արժեք ներկայացնող այլ գտածոների ցուցադրության համար, քարայրում ստեղծվելու է երկու դահլիճից բաղկացած թանգարան:
«Թանգարան ստեղծելը բավական դժվար գործ է, որովհետև խնդիրը միայն ցուցափեղկերի մեջ չէ, այլ՝ այն կոնցեպտի մշակման, որով այդ ցուցափեղկերը պետք է ցուցադրվեն; Այստեղ Viva-ի մեծ օգնությունը նա է, որ ամբողջությամբ միանգամից կահավորում ենք թանգարանը: Մենք կգնանք անընդհատ ցուցադրությունը փոփոխելու, թարմացնելու, ինչ-որ թեմատիկ ուղղվածություն տալու ճանապարհով, որովհետև Արենիից գտնված են հազարավոր գտածոներ. խեցեղեն, փայտ, տեքստիլ և այլն: Արենիում ունենք վաղ մետաղագործության ամբողջ ցիկլը: Սկսած հումքից մինչև պատրաստիների ձևափոխում, վերահալում և այլն: Դուք հազիվ թե տարածաշրջանում գտնեք հուշարձան, որն այդպիսի պահպանված ցիկլ ունի»,- ասել է ««Արենի-1» քարայր» գիտահետազոտական հիմնադրամի հիմնադիր, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը:
Քարայրային թանգարանի ստեղծումը կարևորվում է նաև Վայոց ձորի մարզում տնտեսական ակտիվացմանը նպաստելու տեսանկյունից:
Թանգարանի ստեղծման աշխատանքներից հետո, մասնագետներն ակտիվ ցուցադրություն են նախատեսում: Տարածքը ժամանակին եղել է օվկիանոսի տակ, իսկ ցամաքի վերածվելու արդյունքում նրա շերտերում պահպանվել է բացառիկ պատմություն՝ մարդկության ձևավորման վաղ փուլերից մինչև մեր օրերը։ Քարայրը թանգարան դարձնելու նպատակը գործակցող կողմերից ժամանակատար և հետևողական աշխատանք է պահանջում:




















