Այս 2 տեսակի արտադրանքներն արագացնում են կենսաբանական ծերացումը․ հետազոտություն
- Investigative journalist
- Dec 5, 2024
- 1 min read

Միջերկրական նյարդաբանական ինստիտուտի գիտնականները հաստատել են, որ վերամշակված մթերքները, հատկապես պատրաստի ուտեստներն ու սառեցված մթերքները, արագացնում են կենսաբանական ծերացումը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition (AJCN) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է մոտավորապես 22 հազար չափահաս իտալացի։ Վերլուծելով նրանց սննդակարգը և կենսաբանական ծերացման նշանները՝ պարզվել է, որ ուլտրամշակված մթերքների (UPF) օգտագործումը կապված է արագացված կենսաբանական ծերացման հետ։
Մասնակիցները, որոնց սննդակարգում գերակշռել են ճարպերով ու շաքարով հարուստ վերամշակված մթերքները, միջինը չորս ամսով ավելի մեծ են կենսաբանական տարիքում, քան ժամանակագրական տարիքում:
Ուլտրամշակված մթերքներն արտադրանք են, որոնք պատրաստված են նուրբ բաղադրիչներով, արհեստական հավելումներով ու քիմիական նյութերով, ինչպիսիք են էմուլգատորներն ու բուրավետիչները: Դրանք ներառում են արագ սնունդ, հրուշակեղեն, սառեցված պիցցա, չիպսեր ու քաղցր ըմպելիքներ:
Հակառակ արդյունքներ են նկատվել նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են ՈՒՄՄ օգտագործել: Միջին հաշվով նրանց կենսաբանական տարիքը երկու ամսով պակաս է եղել ժամանակագրական տարիքից։
Հետազոտողները ընդգծել են, որ արագացված կենսաբանական ծերացումը չի կարող առաջանալ միայն ուլտրամշակված մթերքների ավելցուկային ճարպի, շաքարի և աղի պատճառով: Նրանք առաջ են քաշել երկու վարկած, որոնք կարող են բացատրել, թե ինչպես են այս մթերքները կապված կենսաբանական ծերացման հետ:
Նրանք պարզաբանել են, որ վերամշակված մթերքները, որոնք հարուստ են ածխաջրերով, ավելի շատ ակրիլամիդ են պարունակում՝ նեյրոտոքսիկ քիմիական նյութ, որը ձևավորվում է, երբ մթերքները մշակվում են բարձր ջերմաստիճանում։ Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանիզմում ակրիլամիդի բարձր մակարդակը կապված է օքսիդատիվ սթրեսի և բորբոքման հետ, որոնք նպաստում են ընդհանուր հիվանդությունների առաջացմանը։
Գիտնականները նաև նշել են, որ ՈՒՄՄ-ները ամենից հաճախ փաթեթավորված են պլաստմասսայի մեջ։ Սա կարող է թույլ տալ, որ փաթեթավորումից քիմիական նյութերը ներթափանցեն սննդամթերք՝ պոտենցիալ առողջական խնդիրներ առաջացնելով: Հավանաբար, սա է պատճառը, որ հետազոտողները դասել են պատրաստի կերակուրներն ու փաթեթավորված սառեցված մթերքները ամենավտանգավորների շարքում: