Հայ շախմատիստները ձախողվեցին Աբու Դաբիի ավանդական մրցաշարում
- Nov 20, 2022
- 1 min read

Աբու Դաբիում (ԱՄԷ) ավարտվեց արագ շախմատի ավանդական միջազգային մրցաշարը: Գլխավոր մրցումներին մասնակցեցին 24 շախմատիստ, որոնցից 21-ը գրոսմայստեր էր: Հայաստանից հանդես եկան 2 հոգի:
Գրոսմայստեր Տիգրան Կ. Հարությունյանը, չնայած վստահ սկսեց մրցաշարը՝ առաջին օրը վաստակելով 2 միավոր, սակայն հետո հինգ պարտիայում կորցրեց 3,5 միավոր և զիջեց դիրքերը: Վերջին տուրում մեր շախմատիստը երկրորդ հաղթանակը տարավ և վաստակած 4,5 միավորով բաժանեց 12-17-րդ տեղերը:
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը անհաջող մեկնարկեց և առաջին երեք տուրից հետո վաստակեց ընդամենը 1 միավոր: Վերջին` 9-րդ տուրում նա նույնպես հաղթանակ տարավ, սակայն մինչ այդ երկու անընդմեջ պարտություն կրեց: Արդյունքում, մեր շախմատիստը 4 միավորով բաժանեց 18-20-րդ տեղերը:
Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և միայնակ զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նա պարգևատրվեց 5000 դոլարով:
Այսօր կանցկացվի կայծակնային շախմատի մրցաշար: Մեր շախմատիստներն այն կսկսեն սև խաղաքարերով: Տիգրան Կ. Հարությունյանը կմրցի գերմանացի Դանիել Ֆրիդմանի, իսկ Շանթ Սարգսյանը` ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Այդ մրցաշարը նույնպես բաղկացած է 9 տուրից:




















