Գնալու եմ Մայր Աթոռ, երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ. Նիկոլ Փաշինյան
- Investigative journalist

- 2 hours ago
- 2 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր մասնակցությանը պատարագներին և Մայր Աթոռ այցելելու մտադրությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը շեշտեց՝ պատարագներին մասնակցությունը քաղաքական կամ հանրային ակցիա չէ, այլ հոգևոր ճանապարհ։
«Ես Աստծու հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիք չունեմ, որովհետև մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի։
Ես գնում եմ պատարագի և ուրախ եմ, որ մյուսներն էլ են գնում պատարագի, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, դա կարևոր է ինձ համար։ Դա իմ, նաև մեր քաղաքական թիմի այն հատվածի համար է, ովքեր հավատում են Աստծուն։
Ես ընդունում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խղճի ազատություն․ մարդկանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մյուս մասն՝ ունենալ այլ հայացքներ։ Բայց ինձ համար դա իմ հոգևոր և բարոյական նորոգման ճանապարհն է, և ես ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր գալիս են պատարագի»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հավելեց, որ շարունակելու է մասնակցել պատարագներին և հաղորդություն ընդունել, իսկ Մայր Աթոռ այցելելու է այն ժամանակ, երբ բավարար չափով մաքրված կզգա իրեն։
«Այս պատարագների շարքը շատ կարևոր է, որովհետև, այո՛, ես եմ ձևակերպել և բարձրաձայնել այդ օրակարգը, և հետևողականորեն շարունակելու եմ գնալ այդ ճանապարհով։ Բայց սա մի կենդանի գործընթաց է, որտեղ խոսակցություն է տեղի ունենում՝ հանրության հետ, յուրաքանչյուրի՝ ինքն իր հետ, և Աստծո հետ։
Ինչո՞ւ եմ որոշել մասնակցել պատարագներին․ որովհետև, ինչպես արդեն ասել եմ իմ մի եթերում, կարծում եմ՝ խոսքը մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր և բարոյական նորոգման մասին է։ Իսկ այդ նորոգման հասնելու և մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է նախ մաքրվենք։
Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է՝ ձեր ասած եզրագծին հասնելու համար։ Իմ թեզն այն է, որ մենք անընդհատ խոսում ենք արժեքային հանրության մասին, բայց չենք կարող արժեքային հանրություն ունենալ, եթե մեր սրբության սրբոցը՝ մեր բարոյական և արժեքային համակարգի էպիկենտրոնն, աղտոտված է։
Բայց այդ քննարկումների ընթացքում հասկանում ենք, որ այդ ամենը տեղի է ունեցել հենց մեր միջավայրում, մեր թույլտվությամբ։ Դա տեղի է ունեցել, որովհետև մենք ենք դա թույլ տվել։ Մենք եղել ենք այդ ամենի ականատեսը, և մեր ականատես լինելու բերումով՝ նաև մասնակիցը։
Եթե ասում ենք, որ ուրիշները արժանի չեն մեր սրբության սրբոցին, ապա պետք է ընդունենք, որ մենք էլ նախ պետք է արժանանանք։ Ահա թե ինչու ենք գնում պատարագի։
Այդ պատճառով եմ ես հաղորդություն ընդունում և շարունակելու եմ ընդունել։ Իհարկե, գնալու եմ Մայր Աթոռ, երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ»,-եզրափակեց վարչապետը։




















