Թոշակառուների ձայները ընտրակաշառքով գնած ՀՀԿ-ական տիկնոջը ևս համակել է «թոշակացավը»
- 1 hour ago
- 2 min read

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը անմասն չի մնացել ընդդիմությանը համակած թոշակացավից ու որոշել է․․․փչացնել թոշակառուների «տոնը»։ Տիկինը, պարզվում է, «Յոթ րոպե Մարգարիտ Եսայանի հետ» հաղորդում է վարում, որի շրջանակներում էլ օրերս ազդարարել է․ «10 հազար դրամը, որ ապրիլի 1-ից դեռ պետք է ստանաք, ստանալու եք լավագույն դեպքում երկու կամ երեք ամիս, դրանից հետո դուք էլի մխրճվելու եք դառը կյանքի մեջ։ ․․․Ուշադրություն՝ թոշակի բարձրացման մասին որոշումը ընդամենը կառավարության որոշում է, որը դեռ օրենք չէ։ Սա պետական բյուջեի օրենքում հաստատված ինֆորմացիա չէ, սա զուտ կառավարության որոշում է, որը նույն կառավարությունը կարող է գրչի մի հարվածով ցանկացած պահի առ ոչինչ դարձել։ Ուրեմն սրա անունը ի՞նչ է, ձեզ տալիս են, խոստանում են էդ 10 հազար դրամը՝ որպես նախընտրական կաշառք։ Այո, ձեզ տալիս են որպես նախընտրական կաշառք, որ գնաք, ՔՊ-ին ընտրեք»,-ազդարարել է նախկին պատգամավորը։ Սերժ Սարգսյանի քաղաքական շկոլան ավարտած տիկին Մարգոն, ինչպես երևում է, այսքան տարի պատգամավոր է աշխատել, բայց այդպես էլ տարրական գիտելիքներ չունի Կառավարության և ԱԺ-ի ֆունկցիաների տարբերության մասին։ Կառավարության որոշումները, «լիկբեզ անենք» տիկնոջը, ԱԺ-ով չեն «հաստատվում»՝ դառնալով օրենք։ Դրանք հենց դրա համար էլ կոչվում են Կառավարության որոշումներ, քանի որ Կառավարության կողմից են ընդունվում։
Գիտելիքների այսպիսի մակարդակ ունեցող նախկին պատգամավորը, ահա, փորձում է բացատրա-հոգեբանական աշխատանք տանել թոշակառուների հետ, նրանց հուշելով, որ իրենց ստանալիք թոշակը իրականում ընտրակաշառք է։ Առնվազն անբարոյական է, երբ ընտրակաշառքից խոսում է մեկը, որի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, «քեշ փողով»՝ 5-10 հազար դրամ ընտրակաշառքով խեղում էր քվեարկության պատկերն ու վերարտադրվում, Մարգարիտ Եսայանի համար մանդատ ձեռք գցում, որ ինքը 5 տարի թոշակառուների ստացած թոշակների չափը մի քանի անգամ գերազանցող աշխատավարձով պատգամավոր աշխատի, ծլի, ծաղկի, բարգավաճի․․․․Տիկին Եսայանը, արդ, լավ կանի, մտածի իր քաղաքական ապագայի (ոնց երևում է՝ այս ընտրություններին էլ ՀՀԿ-ն չի մասնակցելու), ստանալիք հոնորարի մասին՝ հանգիստ թողնելով թոշակառուներին էլ, նրան ստացած թոշակն էլ։
Ե․Ա․




















