top of page

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

  • 9 hours ago
  • 1 min read


Եվրամիությունը կտրամադրի լրացուցիչ 140 միլիոն եվրո Հայաստանի համար՝ նպատակ ունենալով խթանել բարեփոխումները և խորացնել երկկողմ համագործակցությունը: Այս մասին հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հանդես եկած հայտարարությունների ընթացքում։


Կոսը ընդգծեց, որ Հայաստանը Եվրամիության համար վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում և ընդգծեց տարածաշրջանի աճող ռազմավարական կարևորությունը՝ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում: Նա հիշատակեց, որ այս տարի մայիսին Հայաստանը կստանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ անցկացվող ԵՄ–Հայաստան գագաթնաժողովը:


Հանձնակատարի խոսքով՝ վերջին տարիներին Հարավային Կովկասով անցնող բեռնափոխադրումների ծավալները 2022 թվականից ի վեր քառապատկվել են, և ենթակառուցվածքային ներդրումները կօգնեն ավելի մեծացնել ցուցանիշները՝ նվազեցնելով փոխադրումների ժամանակն ու ծախսերը:


Նոր ֆինանսական աջակցությունը միտված է նաև այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար: Կոսը հավելեց, որ ԵՄ-ն տրամադրում է աջակցություն նաև կրթության, սոցիալական ծառայությունների, բնակարանաշինության ոլորտներում և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրման ծրագրերին՝ ավելի քան 70 միլիոն եվրոյի չափով:



Հանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ն նաև պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարական գործընթացների ամրապնդման, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերում՝ ապահովելու ազատ և արդար ընտրություններ:

 
 
bottom of page